ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը նշեց, որ այս պահին արդարադատության նախարարի հարուցած կարգապահական վարույթի շրջանակում քննվում է դատավոր Կարինե Պետրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, և ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը, ելնելով ընտանեկան, մտերիմ հարաբերություններից, ինքնաբացարկ է հայտնել՝ նշելով, որ չի քննել և ապագայում չի էլ քննելու նրա հետ կապված որևիցե վարույթ:
Պատգամավորը հիշեցրեց, որ ԲԴԽ 2019 թվականի սեպտեմբերի 10-ի որոշման եզրափակիչ մասում նշվում է, որ որոշվել է արդարադատության նախարարի միջնորդությունը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ մերժել՝ ԲԴԽ-ում հարցի քննության օրենքով սահմանված ժամկետը լրացած լինելու հիմքով: Գրիգորյանը հետաքրքրվեց, թե արդյոք այդ մտերիմ, ընկերական հարաբերությունները 2019 թվականի սեպտեմբերի 10-ի՞ց են ծագել և հանգեցրել այժմ քննվող վարույթով նրա ինքնաբացարկին:
Վարդազարյանի խոսքով՝ վարույթը հարուցված է եղել դեռ այն ժամանակ, երբ ինքը չի հանդիսացել Բարձրագույն դատական խորհրդի անդամ և նախագահ: Ժամկետը լրանալու հիմքով գործի վարույթը կարճելը կամ միջնորդությունը մերժելը, ըստ Վարդազարյանի, չի ենթադրում գործի քննություն, չի նշանակում փաստական հանգամանքների, ապացույցների հետազոտում, և, հետևաբար, դա մեխանիկական գործառույթ էր, որը կատարվել է, և ստորագրվել այդ որոշումը:
«Այո, վերջին մեկ տարա ընթացքում մեր հարաբերություններն էլ ավելի են ջերմացել, և այդ իսկ պատճառով ես տեղյակ եմ պահել ԲԴԽ մյուս անդամներին, ներկայացրել եմ իմ ինքնաբացարկը, այն բոլոր հանգամանքները, որոնք մատնանշել եմ, չեմ ուզում այժմ խորհրդակցական սենյակի գաղտնիքը բացել: Իմ գործընկերների ձայների մեծամասնությամբ իմ միջնորդությունը, ինքաբացարկը հարգվել է և ընդունվել է»,- ասաց Վարդազարյանը:
Վարդազարյանի խոսքով՝ այն, որ ժամկետներն անցել են, եղել է տեխնիկական խնդիր, ըստ էության, քննարկում տեղի չի ունեցել, և ձայների մեծամասնությամբ որոշումը կայացվել և կարճվել է:
«Հարցի քննարկման փուլում, երբ փաստական հանգամանքներ են քննարկվել, ես Բարձրագույն դատական խորհրդում չեմ եղել: Ես միացել եմ վերջին փուլում, երբ ոչ թե գործի քննություն է տեղի ունեցել, այլ ընդամենը ժամկետի հարցն է քննարկվել»,- ասաց Վարդազարյանը: