Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Արմեն Հայկյանցը ԱԺ-ում, անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին ի պատասխան, անդրադարձել է ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի՝ 2020 թ. նոյեմբերի 15-ի հայտարարությանը: «Դատական իշխանության ներկայացուցիչը ոտնձգել է քաղաքական դաշտը և մտել է քաղաքական տիրույթ»,- ասաց Բաբաջանյանը՝ հավելելով, որ այդ պատճառով, մի կողմ թողած վճռաբեկ դատարանի դատավորների ընտրության հարցը, պատգամավորները միանգամայն այլ խնդիր էին քննարկում:
Հայկյանցը նշեց, որ ԲԴԽ նախագահի հայտարարության ժամանակ ինքը եղել է ԲԴԽ անդամի ժամանակավոր պաշտոնակատար: «Հայտարարությունը չի եղել ԲԴԽ անունից, այլ եղել է ԲԴԽ նախագահի հայտարարությունը: Վարդազարյանն էլ պարզաբանեց, որ ԲԴԽ անդամները տեղյակ չեն եղել: Մտահոգություններ բարձրացվեցին, թե ինչու մենք չենք արձագանքել ԲԴԽ-ում: Ես կարծում եմ՝ արձագանք եղել է, բայց արձագանքը պարտադիր չէ, որ դրսևորվի հայտարարության կերպ, բառային թաղանթով: Հայտարարությունն ըստ էության արտահայտում է անձի դիրքորոշումը, իսկ դիրքորոշումը կարելի է արտահայտել տարբեր ձևաչափերով»,- մեկնաբանեց Հայկյանցը՝ հավելելով, որ ԲԴԽ արձագանքը եղել է: Ըստ նրա՝ այն, որ իրենք հայտարարության հեղինակը չեն, արդեն իսկ ցույց է տալիս արձագանքը: