Եվրոպայի խորհրդի ղեկավար Շառլ Միշելը G20-ի առցանց գագաթնաժողովում անդամ երկրների ղեկավարներին առաջարկել է ստեղծել համաճարակների վերաբերյալ միջազգային պայմանագիր՝ հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով՝ փաստաթուղթը կարող է օգնել հետագայում կանխելու համաճարակները, ինչպես նաև նպաստել ավելի արագ և համակարգված արձագանքմանը: «Պայմանագիրը պետք է քննարկվի բոլոր ազգերի, ՄԱԿ-ի գործակալությունների, մասնավորապես ԱՀԿ-ի հետ»,- ասել է ԵԽ ղեկավարը:
Նա հավելել է, որ ԱՀԿ-ի դերը պետք է առանցքային լինի համաճարակի պայմաններում գործողությունները համակարգելու հարցում, գլոբալ պայմանագիրն էլ կխթանի այդ ջանքերը:
Ավելի վաղ G20-ի երկրների ղեկավարները խոստացել էին արդար բաշխել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերն ու դեղերը ամբողջ աշխարհում: Վերջին տվյալների համաձայն՝ կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվը գերազանցել է 58 միլիոնը: Համաճարակի սկսվելուց ի վեր COVID-19-ից մահացել է ավելի քան 1,37 միլիոն մարդ: