Անկարան մերժել է Մոսկվայի առաջարկը, որով Ռուսաստանը Թուրքիային կոչ է անում կրճատել իր ռազմական ներկայությունը Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Իդլիբի դեէսկալացման գոտում: Հարցը քննարկվել է Անկարայում այս շաբաթ երկու երկրների ռազմական պատվիրակությունների միջև խորհրդակցությունների ժամանակ: Կողմերը քննարկել են նաև Իդլիբից Թուրքիայի ծանր զինտեխնիկան դուրս բերելու հարցը և «Թուրքիայի դիտակետերի գործունեության հետ կապված իրավիճակի փոփոխությունը», հայտնում է Region Monitor-ը:
Ըստ աղբյուրների՝ Անկարան մերժել է Թուրքիայի դիտակետերի քանակը կրճատելու Մոսկվայի առաջարկը, բայց պատրաստակամություն է հայտնել քննարկել Իդլիբից իր ծանր տեխնիկայի մի մասի դուրսբերման մեխանիզմը: Կողմերը, սակայն, վերջնական համաձայնության չեն եկել այդ հարցերի շուրջ:
Ընդհանուր առմամբ, Իդլիբի դեէսկալացման գոտում, որն ընդգրկում է Մեծ Իդլիբի շրջանը (Իդլիբի և Համայի նահանգներ, Հալեպի և Լաթաքիայի նահանգների մի մասը), թուրքական բանակն իր առաքելությունն իրականացնում է 12 դիտակետից: