Հայկական բնապահպանական ճակատը հայտնել էր, որ «Լիդիան-Արմենիան» Ամուլսարի պահապանների վագոն-տնակները հանել է ու փոխարենը դրել իրենցը:
«Սա խաղաղ դիմադրության իրավունքն իրացնելու նկատմամբ անընդունելի ոտնձգություն է: Մանավանդ, հաշվի առնելով, որ ոստիկանության պաշտոնական տվյալների համաձայն՝ այդ վագոն-տնակները չէին գտնվում մասնավոր ընկերության տարածքում»,- ասված էր Հայկական բնապահպանական ճակատի հայտարարությունում, որում նաև կոչ էր արվում քաղաքացիներին դուրս գալ ու բողոքել: Ջերմուկում բողոքի ցույցն ու ավտոշքերթն արդեն սկսվել են:
«Լիդիան Արմենիան» էլ պարզաբանել է՝ հեռացրել է «Լիդիանի» օրինական տարածքում արդեն մոտ երկու տարի գտնվող վագոն-տնակները։
««Լիդիան Արմենիան» ունի Ամուլսարի տարածքում աշխատանքներ իրականացնելու բոլոր թույլտվությունները, որոնք որևէ կերպ չեն չեղարկվել կամ նույնիսկ ժամանակավոր չեն դադարեցվել։ Ամուլսարում աշխատանքների իրականացման միակ խոչընդոտը եղել է արդեն երկու տարի ապօրինի կերպով «Լիդիանի» տարածք ներխուժած անձանց խումբը։
«Լիդիանը» երկու տարի փորձել է խուսափել բախումներից, ապավինելով օրենքի կիրառմանը, որն այդպես էլ երկու տարվա ընթացքում տվյալ հարցում չկիրարկվեց։ Հիշեցնենք, որ 2019 թ. ապրիլին ՀՀ վարչական դատարանը պարտավորեցրել է ոստիկանությանը վերացնել ներխուժումը և հեռացնել անձանց ու նրանց գույքը ընկերությանը պատկանող տարածքից։ Այս տարվա հուլիսին «Լիդիանը» ստացավ ևս մեկ փորձագիտական եզրակացություն, որ վագոն-տնակները գտնվում են «Լիդիանի» տարածքում։ Քանի որ ոստիկանությունը ընկերության դիմումին հերթական անգամ չարձագանքեց, «Լիդիանը» սեփական տարածքից ապօրինի գույքը հեռացրել է ինքնուրույն։
Ամուլսարում ապօրինություն իրականացնող խումբը, տեսնելով, որ չունեն համայնքի բնակիչների աջակցությունը, փորձում է բախումներ հրահրել` Երևանից հավաքվող սադրիչների խմբով արհեստական աղմուկ բարձրացնելով։ Կոչ ենք անում համայնքների բնակիչներին՝ չտրվել սադրանքի և զերծ մնալ խուլիգանություն իրականացնող խմբի հետ բախումներից։ Կոչ ենք անում իրավապահ մարմիներին հետամուտ լինել այս տարածքում օրինականության վերականգնմանը և ապահովել քաղաքացիների անվտանգությունը»,- ասված է ընկերության հայտարարությունում։