Յուրի Խաչատուրովը ևս երկու օր ժամանակ ունի հանձնաժողով ներկայանալու և հանձնաժողովի անդամների հարցերին պատասխանելու համար: Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշեց Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ հերթական նիստին ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանին հեռավար մոտ երկու ժամ լսելուց հետո:
«Էդվարդ Նալբանդյանին լսելուց հետո կան հարցեր, որոնց պետք է պատասխանի Յուրի Խաչատուրովը: Եթե դա կարևոր չլիներ, ես հիմա այս հայտարարությունը չէի անի»,- ասաց նա:
Ա.Քոչարյանի խոսքով՝ եթե Խաչատուրովը չգա, զեկույցում կլինեն այնպիսի եզրահանգումներ, որոնցով պետք է զբաղվեն այլ մարմիններ:
Հանձնաժողովի նախագահը նշեց, որ կարևոր է հասկանալ՝ ինչու է Խաչատուրովը մերժում հանձնաժողովի հրավերը, այն դեպքում, երբ այլ նախկին պաշտոնյաններ չեն մերժել:
«Եթե Մոսկվայից ինքնաթիռ լիներ, չկասկածեք, որ պարոն Նաբանդյանը կգար»,- ընդգծեց Քոչարյանը: