Խորհրդարանը քննարկում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։
Նախագծի հեղինակ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը նշեց, որ փոփոխությունների նպատակն է բանկերի և վարկային կազմակերպությունների միջոցով ապահովագրական հարկումների հետ կապված հարցերի կարգավորումը։
«Ներկայումս շատ վարկառուներ, որոնք դիմում են բանկերին և վարկային կազմակերպություններին՝ վարկ ստանալու համար, այդ թվում՝ այն անձինք, որոնք գրավ են տրամադրում, գույքը ապահովագրվում է, և որպես շահառու է ճանաչվում բանկը կամ վարկային կազմակերպությունը։ Մասնավորապես, եթե ապահովագրական պատահար է տեղի ունենում, ապահովագրական հատուցումը ստանում են բանկերն ու վարկային կազմակերպությունները, որոնք այդ գումարը ուղղում են վարկի մարմանը, այնուհետև մնացած գումարը տրվում է տվյալ ֆիզիկական անձին կամ կազմակերպությանը։ Ներկայում գործող իրավակարգավորումների համաձայն՝ այդ ապահովագրական հատուցումը բանկերի և վարկային կազմակերպությունների համար ներառվում է շահութահարկով հարկման ենթակա բազայի հաշվարկման մեջ, ընդունվում է որպես եկամուտ։ Միևնույն ժամանակ, երբ այդ մնացորդը վերջում վերադարձվում է ֆիզիկական անձին կամ կազմակերպությանը, դա դիտարկվում է որպես եկամուտ եկամտային հարկով հարկման բազայի հաշվարկման ժամանակ։ Հետևաբար, մենք ունենում ենք իրավիճակ, որ ֆիզիկական անձը կամ կազմակերպությունը կարող է կրկնակի տուժել։ Այդ հարկման բազայի մեջ ներառվելը բերում է նրան, որ վարկի մարմանն ուղղվող գումարը կամ վերջնական գումարը, որը վերադարձվում է ֆիզիկական անձին կամ կազմակերպությանը, նվազեցվում է, և այս սուբյեկտները տուժում են»,- նշեց Խաչատրյանն ու հավելեց, որ հենց այս օրենսդրական բացը լրացնելու համար է ստեղծվել նախագիծը։
Նախագծով հանվում են այդ օրենսդրական կարգավորումները, և թե՛ բանկի, թե՛ վարկային կազմակերպության համար այդ գումարը՝ ապահովագրական հատուցումը, չի դիտվելու որպես եկամուտ, չի դիտվելու որպես ծախս, երբ վճարում կամ վերադարձնում են ֆիզիկական անձին կամ կազմակերպությանը, և միևնույն ժամանակ հարկման իմաստով եկամուտ չի դիտվելու տվյալ ֆիզիկական անձի կամ կազմակերպության համար՝ նշեց պատգամավորը։