Մարդու Իրավունքների պաշտպան կազմակերպությունը (HRHF) քննադատել է Ադրբեջանում ցուցարարների նկատմամբ իրավապահների բռնի գործողությունները: HRHF-ի հայտարարության մեջ ասվում է, որ 2020 թվականի փետրվարի 11-ին խաղաղ ցուցարարները հավաք են անցկացրել Բաքվում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ՝ իրենց մտահոգությունը հայտնելով վերջին խորհրդարանական ընտրություններում տեղի ունեցած խարդախությունների վերաբերյալ:
Turan լրատվական գործակալությունն ու ականատեսները իրավապաշտպան կազմակերպությանը հաղորդել են, որ ոստիկանությունը բռնություն է կիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ, ներառյալ պատգամավորության թեկնածուները և քաղաքացիական հասարակության ակտիվիստները:
Ականատեսները հայտնում են, որ այս բռնությունից հետո տասնյակ խաղաղ ցուցարարներ և լրագրողներ պահվել են ավտոբուսներում մոտ երկու ժամ և ազատ են արձակվել կեսգիշերին Բաքվի ծայրամասերում: Ըստ այդ հաղորդագրությունների՝ ոստիկանությունը նաև թույլ չի տվել բժշկական օգնություն ցուցաբերել վիրավոր ցուցարարներին ու լրագրողներին:
HRHF-ը հայտարարել է, որ խաղաղ ցուցարարների և լրագրողների դեմ բռնի և անօրինական գործողությունները Ադրբեջանի իշխանությունների կողմից հավաքների ազատության կոպիտ խախտում են:
Կազմակերպությունը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին՝ հարգել հավաքների ազատությունը և տարածք տրամադրել խաղաղ ինքնարտահայտման համար: