Ազգային ժողովում հունվարի 15-ից մեկնարկած տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը շարունակվել է նաև այսօր: Օրակարգում մնացել է վեց հարց: Քննարկվել է նաև Արտակ Մանուկյանի, Վարազդատ Կարապետյանի և Բաբկեն Թունյանի հեղինակած՝ Հարկային օրենսգրքում փոփոխությունների օրինագիծը:
Չնայած կառավարությունը բացասական եզրակացություն էր տվել մասնավոր ընկերությունների թողարկած պարտատոմսերի, բաժնետոմսերի և միջնորդական ծառայությունների հարկման մեխանիզմներին վերաբերող առաջարկին, ԱԺ-ն առաջին ընթերցմամբ այն հաստատել էր:
Մինչև երկրորդ ընթերցում, հարցը քննարկվել է նաև տնտեսագետների հետ: Կողմերը համաձայնության են եկել կապիտալի շուկան զարգացնելու նպատակով պարտատոմսերն ու բաժնետոմսերը ազատել շահաբաժնի հարկումից ու եկամտահարկից, իսկ միջնորդական ծառայությունները՝ ավելացված արժեքի հարկից: Սա, շատերի կարծիքով, կնպաստի արժեթղթերում օտարերկրյա ներդրումների ավելացմանը: