Լուսանկարներում համաշխարհային հռչակ ունեցող արվեստագետների գործեր են։ Գրել է վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը և մի քանի լուսանկարներ հրապարակել։
«Մի մասը ինքնանկարներ, որտեղ նրանք գրեթե անճանաչելի են, կամ առավելագույնս տձև և տգեղ, մյուս մասը՝ քանդակներ են, կոմպոզիցիաներ։ Մեկը վերնագրված է «Ընտանիք», մյուսը՝ «Քայլող մարդը», երրորդը՝ «Մարդը շարժման մեջ», չորրորդը՝ «Թագավորն ու թագուհին» և այլն։
Բոլորը տձև են, տգեղ, անհասկանալի։ Որևէ մեկը հնարավոր չէ նույնականացնել մեր՝ ոչ արվետագետներիս աչքին հասանելի օբյեկտների հետ։ Մարդ ասելով մենք տեսնում ենք մեզ ծանոթ ֆիսզիկական կառուցվածքով մարդ, քանդակագործը տեսնում և ստեղծում է անհասկանալի լղար երկար մի բան։
Պաբլո Պիկասո ասելով մենք պատկերացնում ենք մեզ նման մարդ, ինքը իրեն պատկերում է մարդու և գորիլայի միջև մի բան։ Ինչու, որովհետև նա այդ պահին ստեղծում է ոչ թե սեփական դեմքը, այլ «մահվան հետ հանդիպումը»։
Լևոն Թոքմաջյանը, ուրեմն, քանդակել է ոչ թե Պարույր Սևակի դեմքը, այլ՝ «Անլռելի զանգակատուն» պոեմը, այնպես ինչպես ինքն է դա տեսնում։ Եւ այնպես, ինչպես մենք դա չենք տեսնում։
Դրա համար էլ Լևոն Թոքմանջյա՛նն է քանդակագործը, իսկ մենք՝ ամենքս, մեր գործին ենք, եւ, կարծես թե, արվեստից, նկարչությունից ու քանդակներից շատ բան չենք հասկանում։ Եթե հասկանայինք, ստորև բերված արվեստի գործերի համաշխարհային հռչակի գաղտնիքն էլ կհասկանայինք։
Բայց սրանք բոլորը մեր աչքի համար տգեղ, տձև և անհասկանալի բաներ են, որոնցից ոչ մեկում մարդը ինքն իրեն նման չէ, և առհասարակ մարդու էլ նման չէ»,-նշել է նա։
Հիշեցնենք՝
ամփոփվել են Լ․ Թոքմաջյանի քանդակի հեռացման վերաբերյալ անցկացված հարցման արդյունքները, քանդակը կհեռացվի դպրոցի բակից։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Զանգակատուն գյուղի ավելի քան 85 տոկոսն ուզում է, որ Պարույր Սևակի արձանը դպրոցի բակից հանվի: Այս հարցման արդյունքները հրապարակել էր բանաստեղծի թոռը՝ Սևակ Ղազարյանը: Քանդակագործ Լևոն Թոքմաջյանի ստեղծագործության շուրջ աղմուկը չի դադարում: Ամեն ինչ սկսվել էր նրանից, որ քանդակագործը որոշել էր իր նվերն անել Պարույր Սևակի ծննդավայրին: