Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը և փաստաբանների խումբը մեկնում են ՀՀ քննչական կոմիտե՝ ներկայանալու և քրեադատավարական գործողություններին մասնակցելու: Այդ մասին Մայր Աթոռի տարածքում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց փաստաբան Արա Զոհրաբյանը:
Մայր Աթոռը ևս Աջապահյանի որոշման առնչությամբ հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Միքայել Աջապահյանը կայացրել է որոշում, և չխուսափելով ներկայացված պահանջից՝ կմեկնի Երևան՝ ներկայանալու Քննչական կոմիտե։
Այս հայտարարությունից հետո Միքայել Աջապահյանը նստեց ավտոմեքենան, որպեսզի մեկնի ՔԿ, սակայն Մայր Աթոռի տարածքում հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին նրան հեռանալ՝ փակելով նրա ավտոմեքենայի ճանապարհը:
Հիշեցնենք, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակում հոգևորականների և ոստիկանների միջև հրմշտոց է տեղի ունեցել: Աջապահյանը թեև հայտարարել էր, որ կգնա իրավապահների հետ, սակայն քիչ անց կրկին վերադարձել էր վեհարան:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը և Ոստիկանությունը, ելնելով անվտանգության նկատառումներից և կանխելով իրավիճակի հնարավոր և դիտավորյալ սրումը, որոշում են կայացրել դուրս գալ Մայր Աթոռի տարածքից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել: Այս մասին 1Լurer.am-ի հարցմանն ի պատասխան հաստատել էին ՀՀ գլխավոր դատախազությունից:
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի՝ «երկրում ռազմական հեղաշրջում անելու» հայտարարությունների վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել` իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելու համար։