Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար առաջադրել է Վանիկ Օհանյանի թեկնածությունը:
Պատասխանելով պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին, որը վերաբերում էր բուժաշխատողների շրջանում դժգոհություններին, Օհանյանը նկատեց՝ առողջության ապահովագրության համակարգի ներդրմանը զուգընթաց գրանցվել է քաղաքացիների դիմելիության աննախընթաց աճ բժշկական հաստատություններում, և դրա հետ կապված եղել են որոշակի խնդիրներ՝ մասնավորապես նեղ մասնագետներին վերաբերող աշխատավարձի ցածր հաշվարկային լինելը հունվար ամսին:
Նրա խոսքով՝ դա պայմանավորված է հիմնականում մուտքագրման խնդիրների արդյունքում առաջացած ծավալները չհասցնելու հանգամանքով:
«Նաև նախարարը վերջերս հայտարարեց, որ փետրվարին այն բոլոր խնդիրները, որոնք առաջացել էին հունվարին, կարող են վերահաշվարկվել և նաև հետադարձ վճարվել փետրվար ամսին՝ հունվարի համար: Այս առումով, կարծում եմ՝ կկանոնակարգվի հընթացս, որովհետև ապահովագրության համակարգի ներդրման հետ որոշ խնդիրներ ի հայտ կգան, և սա այն խնդիրներից է, որը մեծ մասամբ լուծվել է»,- ասաց թեկնածուն:
Անդրադառնալով մարզային բուժհաստատություններին՝ նշեց՝ գաղտնիք չէ՝ այսօր վերազինվում, հիմնանորոգվում ու վերանորոգվում են մեծ թվով բուժհաստատություններ հանրապետության ամբողջ տարածքում:
Ինչ վերաբերում է պատգամավորի հնչեցրած մտահոգությանը՝ կապված Վարդենիսի հիվանդանոցի հետ, Օհանյանը նշեց՝ տեղյակ է, որ այնտեղ բժշկական համալիր է կառուցվում, որին կից գործելու է լիցենզավորված, նորմերին համապատասխան դիահերձարան: