Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար առաջադրել է Վանիկ Օհանյանի թեկնածությունը:
Վանիկ Օհանյանին Ազգային ժողովի՝ մարտի 4-ի նիստին ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
Վանիկ Օհանյանը ծնվել է 1982 թվականին Վանաձորում: 2005-ին ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, մասնագիտությամբ բժիշկ-ստոմատոլոգ է: 2006-2013 թվականներին աշխատել է մասնագիտությամբ: 2008-2012 թվականներին «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանի դասախոս է եղել: 2011-2016 թվականներին զբաղեցրել է Դեղատների ցանցի՝ Լոռու մարզի տարածքային ղեկավարի պաշտոնը: 2017-ին հիմնադրել է ստոմատոլոգիական կլինիկա, եղել է Վանաձորի մի քանի պոլիկլինիկաների տնօրեն: 2020-2021 թվականներին «Իմ քայլի» համապետական ցուցակով ընտրվել է պատգամավոր, 2021-ին՝ Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար, ապա նաև Վանաձորի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ: 2025 թվականի սեպտեմբերի 3-ից Ազգային ժողովի պատգամավոր է:
Իր ելույթի ժամանակ Վանիկ Օհանյանը ներկայացրեց ոլորտին առնչվող իր պատկերացումները: Ըստ այդմ՝ Վանիկ Օհանյանը առանձնացրեց առողջապահությանն առնչվող երեք հայեցակետ, առաջին հայեցակետը մարդակենտրոն առողջապահությունն է, երկրորդ հայեցակետը մասնակցային կառավարումն է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որոշումների որակը և լեգիտիմությունը բարձրացնելու համար կարևոր է շահագրգիռ կողմերի ներգրավվածությունը:
«Առողջապահական քաղաքականության մշակման և որոշումների կայացման գործընթացում պետք է ներգրավված լինեն ոչ միայն պետական մարմինները, այլև համայնքային տարբեր մասնագետներ, բուժաշխատողներ, ինչպես նաև քաղաքացիական հասարակությունը:
Մասնակցային կառավարումն առողջապահության ոլորտում դիտարկվում է որպես արդյունավետ կառավարման գործիք, ոչ թե՝ ձևական պահանջ»,- ասաց նա:
Երրորդ հայեցակետը, ըստ Վանիկ Օհանյանի, արդյունավետ քաղաքականությունն ու համարժեք կառավարումն է, քանի որ կարծում է՝ առողջապահության ոլորտում հաջողությունը պայմանավորված է այն հանգամանքով, թե ինչքան արդյունավետ է ձևավորվում պետական քաղաքականությունը, և թե ինչքանով է համարժեք գործում կառավարման համակարգը: