Shield AI ընկերության արտադրած V-BAT տեսակի ԱԹՍ-ներն աշխարահում լավագույնների ցանկում են. ԲՏԱ նախարար
Shield AI ընկերության արտադրած V-BAT տեսակի ԱԹՍ-ներ ՀՀ ռազմարդյունաբերական ընկերությունները չեն արտադրում: Եթե արտադրեին, բնականաբար, հարց չէր էլ ծագի տեխնոլոգիական նմանատիպ լուծումներով որևէ ապրանք գնելու, ներմուծելու: Դրա առաջին շահառուն ու շահագրգիռ կողմը նախևառաջ ԲՏԱ նախարարությունն է: Այդ մասին ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը՝ անդրադառնալով նախորդ շաբաթ Հայաստանի օդային պաշտպանությունը ամերիկյան գերժամանակակից հետախուզական V-BAT տեսակի անօդաչուներով համալրելու գործարքին:
ԲՏԱՆ-ի մանդատի շրջանակում առհասարակ խրախուսվում է տեղական արտադրանքի սպառումը, պետության կողմից տեղական ռազմարդյունաբերողներին պատվերի իջեցումը, սակայն, միևնույն ժամանակ, ըստ նախարարի, պետք է «ադեկվատ» լինել, գնահատել սեփական կարողությունները՝ ընդունելով, որ երկար ճանապարհ կա անցնելու աշխարհում մրցունակ պրոդուկտներ արտադրելու համար:
«Shield AI ընկերության կողմից արտադրվածն աշխարհում լավագույնների ցանկում է, և այժմ կարևոր մի նոր էջ է բացվում հենց Shield AI ընկերության հետ արդեն ոչ թե ՊՆ-ի, այլ հենց ԲՏԱՆ-ի համար հնարավորության սահմանների շրջանակում գիտելիքների փոխանցման, տեխնոլոգիաների փոխանցման շուրջ երկխոսություն զարգացնելու, ինչպես նաև համատեղ գիտահետազոտական աշխատանքներ կատարելու կամ մշակումներ իրականացնելու առումով:
Ահա սա արդեն տվյալ գործակցության շրջանակում հավելյալ կարողություններ ՀՀ ներմուծելու մասին է արտադրության, հետազոտության համատեքստում:
Ամփոփելով միտքս՝ պիտի ասեմ, որ նման որոշումը, որը կարևորագույն որոշում էր մեր ԶՈՒ-ի համար, ինչպես նաև ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության [համար] հենց պաշտպանական ոլորտում, կարևորագույն ձեռքբերում էր: Ըստ էության, ներքին արտադրությամբ այդ կարիքը համալրել ուղղակի տեխնիկապես հնարավոր չէր»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Հայաստանի օդային պաշտպանությունը համալրվել է ամերիկյան գերժամանակակից հետախուզական V-BAT տեսակի անօդաչուներով։ Վաճառքի գործարքը փորձագետները պատմական են որակել: