Քանի որ ավագ սերնդի ներկայացուցիչներն իրենց շատ ծախսեր իրականացնում են առողջապահության վրա, մենք որոշել ենք այդ հարցը հոգալ, այդ ծախսը վերցնել մեզ վրա: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով կենսաթոշակառուների սոցիալական վիճակի բարձրացմանն առնչվող ծրագրերին:
«Քանի որ առողջության համընդհանուր ապահովագրության վճարը 10800 դրամ է 200 հազար դրամից բարձր ստացող քաղաքացիների համար, մյուս քաղաքացիների համար պետբյուջեից է փոխանցվում այդ 10800 դրամը, ինչը, փաստացի, կարելի է ասել, որ մենք մեր կենսաթոշակառուների թոշակը բարձրացրել ենք 10800 դրամով, որը չենք տալիս իրենց ուղիղ, այլ տալիս ենք Առողջության ապահովագրության հիմնադրամին, և երբ ծագի խնդիր, այդ խնդիրը կլուծվի»,- ասաց նա:
Ըստ նախարարի՝ առողջությանն առնչվող խնդիրները երբեք չեն լինում 10 հազար դրամի: Այդ ծախսերը կարող են լինել հարյուր հազարավոր դրամների, որովհետև 100 հազար դրամից էժան բժշկական միջամտություն չկա: Լինում են նաև միլիոնավոր դրամների բժշկական միջամտություններ:
«Կարծում եմ՝ սա մեր ավագ սերնդի ներկայացուցիչների համար ամենաէական բարելավումներից է 2026 թվականի՝ հաշվի առնելով նաև մնացած բարելավումները, և դա մեծ օգուտ է տալու իրենց ու իրենց ընտանիքներին: Իրենք փաստացի չեն ծախսելու այն, ինչ պոտենցիալ պիտի ծախսեին, և իրենց ազատ միջոցներն օգտագործելու են այլ ծախսերի վրա»,- ասաց նա:
Հիշեցնենք՝ խորհրդարանը ընդունել է «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի նախագիծը, որը ներդրվելու է փուլային տարբերակով՝ 3 տարվա ընթացքում:
Ապահովագրության փաթեթը բոլորի համար նույնն է լինելու, արժեքը` տարեկան 129600 դրամ:
2026 թվականին պետությունն ամբողջովին վճարելու է մինչև 18 տարեկան երեխաների, ֆունկցիոնալության սահմանափակումներ ունեցող քաղաքացիների, հաշմանդամության 1-3-րդ խումբ ունեցող անձանց, սոցիալապես անապահով խմբերի, զոհված զինածառայողների ընտանիքների, ինչպես նաև 65+ տարիքի անձանց ապահովագրության գումարը:
«Արմեդ» հավելվածում, Առողջապահության նախարարության և հիմնադրամի պաշտոնական կայքերում կլինեն ապահովագրական փաթեթում ներառված հիվանդությունների, ախտորոշումների, սքրինինգների, ինչպես նաև դեղերի կոնկրետ ցանկեր: