Առողջության ապահովագրության համակարգի ներդրման առաջին տարում գործ ենք ունենալու 1,5 մլն մարդու հետ: Ինչքան էլ փորձենք մոդելավորել, չենք կարող ճշգրիտ ասել՝ կունենանք այսքան հերթ, այնքան ծախս: Այդ մասին Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 2-ի նիստին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ անդրադառնալով առողջության հանընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման մասին ընդդիմադիրների մտահոգություններին:
«Մի բանը որ նոր է ներդրվում, բախվում է ինչ-որ խնդիրների, որոնք հնարավոր չէ 100 տոկոս ճշտությամբ հասցեագրել: Այստեղ մենք պետք է նայենք ակնհայտ, հնարավոր, ենթադրյալ վնասներին: Եթե վնաս չկա, շարժվում ենք առաջ»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ հիմնադրամին առնչվող խնդիրները կլուծվեն նաև հընթացս:
Արման Եղոյանը պատգամավորներին առաջարկեց կողմ քվեարկել նախագծին:
«Առիթից օգտվելով՝ ասեմ, որ սա վիզաների ազատականացման տեսանկյունից է շատ կարևոր մեզ համար: Դուք գիտեք, որ 1-2 շաբաթ առաջ մեզ հանձնվեց վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը: Դուք գիտեք՝ ինչ ուշադրություն է դարձնում եվրոպական կողմն առողջապահական նպատակով այնտեղ ապաստան հայցող մեր քաղաքացիների վրա ծախսվող գումարին»,- ասաց նա՝ կարծիք հայտնելով, թե համակարգն էականորեն կնպաստի այդ խնդրի լուծմանը:
Եղոյանը նաև ընդգծեց՝ այն հիվանդությունները, որոնք նախատեսվում է ներառել առողջության ապահովագրության համակարգում, դրանց մեծ տոկոսն այն հիվանդություններն են, որոնց մասով ՀՀ քաղաքացիները դիմում են ԵՄ-ին ապաստանի համար: