Փլուզում ՝ Երևանի Շիրակի փողոցում՝ նախկին դաշնամուրի գործարանում: Դեպքը տեղի է ունեցել առավոտյան: Ներքին գործերի նախարարությունից հաղորդել են, որ եռահարկ շենքը մասամբ փլուզվել՝ յուրաքանչյուր հարկը մոտ 430 քմ, որոնք ծառայել են որպես պահեստային, արտադրական և գրասենյակային տարածքներ: «Լուրերի» տեղեկություններով՝ փլուզման հետևանքով տուժել է 40-ամյա աշխատակից: Առողջապահության նախարարությունից տեղեկացրել են, որ տուժածի վիճակը բավարար է, ստանում է բուժօգնություն:
Փլուզված տարածքում նաև գազի արտահոսք է եղել, որը մասնագետները կասեցրել են: «Լուրերի» թղթակիցը պարզել է, որ փլուզված տարածքը մասնավոր է և պատկանում է «Փափուկ կահույք» ընկերությանը: Շուրջ 12 տարի այստեղ վարձակալությամբ աշխատող «Գերման տեխ» ընկերության տնօրենը պատմել է, որ զգացել է՝ ինչպես են շենքի սյուները ճաքում, հասցրել է տեղեկացնել մյուսներին և դուրս գալ շենքից: Արա Վարդանյանը նույնիսկ հասցրել է նկարահանել փլուզումը, տեսանյութը տրամադրել է մեզ և պատմել դեպքի մանրամասները:
«Հենց փլված առաջին հարկում է մեր տեղը, այսինքն՝ մենք վարձակալ ենք: Նստած էինք ներսում, միանգամից ձայներ լսեցինք, տեսանք, որ սյուներն են ճաքում: Հենց այդ սյուները ճաքելուց մենք դուրս փախանք, ու միանգամից՝ մի 2-3 րոպե հետո, շենքը փլվեց»,- ասել է նա:
Լրագրողի հարցին՝ նախկինում ճաքեր նկատե՞լ են, Արա Վարդանյանը ասել է՝ չեն նկատել՝ միաժամանակ ընդգծելով, որ շենքը 50-60 տարվա է: