Գյումրիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասնակիցներից 43-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որից 26 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Այս մասին
1lurer.am-ի հետ զրույցում հայտնում են Քննչական կոմիտեից։
Ինչպես արդեն ՔԿ-ից հայտնել են, Շիրակի մարզային քննչական վարչությունում իրականացվում է զանգվածային անկարգություններին մասնակցելու, պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու և արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
«Նրանք կոչեր են հնչեցրել արգելափակել համայնքապետարանի վարչական շենքի մուտքերը, որպեսզի հնարավոր չլինի տեղափոխել ձերբակալված ու համայնքապետարանի վարչական շենքում գտնվող անձանց, վնասել են Ոստիկանության ծառայողական փոխադրամիջոցի անվադողերը, համայնքապետարանի վարչական շենքի գույքը, այդ ընթացքում Ոստիկանության ծառայողների կողմից օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով բռնություն են գործադրել վերջիններիս նկատմամբ, նրանց ուղղությամբ նետել են կրակայրիչներ և շշեր, վերջիններիս հասցեին հնչեցրել վիրավորական արտահայտություններ»,- ասված է հաղորդագրությունում։