Ափսոս ֆորմատով նախատեսված չէ, որ վարչապետը կարող է պատգամավորին պատասխանել Youtube-ի լինքով: Այդ մասին ԱԺ-ում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Էմմա Պալյանի՝ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի վերաբերյալ հարցին:
«Ասում են՝ Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է իմ մտքերի պատճառով: Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է իր մտքերի ու գործողությունների պատճառով: Իմ միտքը կարող է օգտագործվել իմ դեմ, իմ միտքն ինչպե՞ս կարող է օգտագործվել ուրիշի դեմ»,- նշեց վարչապետը:
Հիշեցնենք՝ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կալանավորվել է 2 ամսով, նրա պաշտոնավարումը կասեցվել է:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ձերբակալումից հետո կալանքի միջնորդություն էր ներկայացվել:
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակներում հոկտեմբերի 20-ին Գյումրու քաղաքապետարանում իրականացվել էին քննչական գործողություններ:
Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք տալու մեղադրանքներով
ձերբակալվել էր 8 անձ, այդ թվում՝ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:
Գյումրիում զանգվածային անկարգություններին մասնակցելու, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով
նախաձեռնվել է քրեական վարույթ: