Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի և ընկերոջ` քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանի սպանությունից մի քանի օր հետո պաշտոնից ազատվել է Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը:
Նախարարի խոսնակ Նարեկ Սարգսյանը «Լուրերի» հետ զրույցում հաստատել է, որ ազատման պատճառը աղմկահարույց սպանությունն է:
Պաշտոնանկություն է եղել նաև Քննչական կոմիտեում. Հրաչյա Ղազարյանն ազատվել է կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետի պաշտոնից:
Կոմիտեից չեն պատասխանել՝ արդյոք Ղազարյանի ազատումը ևս կապ ունի սպանության հետ, թե ոչ:
Փարաքարի համայնքապետն ու ընկերը սպանվել են սեպտեմբերի 23-ին՝ Վալոդյա Գրիգորյանի կիսակառույց տան դիմաց՝ դիմակավորված անձի արձակած կրակահերթից: