ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը Երևանում բարձրաստիճան հանդիպումներից հետո հանդիպել է հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:
Եվրահանձնակատարն անդրադարձել է համատեղ ծրագրերի հեռանկարներին, վիզայի ազատականացման, մեր երկրի եվրոպական ինտեգրման հեռանկարին, նաև տարածաշրջանում վերջին զարգացումներին, մասնավորապես՝ օգոստոսի 8-ին Սպիտակ տանը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ձեռք բերած պայմանավորվածություններին:
«Լուրերի» հարցին՝ «ինչպե՞ս է Եվրամիությունը պատկերացնում իր ներգրավվածությունը տարածաշրջանային հաղորդակցությունների և ենթակառուցվածքների զարգացման հնարավոր նախագծերին»՝ Մարթա Կոսը պատասխանել է՝ պատրաստ են օգնել որքանով կարող են:

Եվրոպացի պաշտոնյան նաև կարևորել է տարածաշրջանի տնտեսական զարգացումը:
«Հիմա իրապես պատմական պահ ենք ապրում, որը հնարավոր է դարձել Ձեր կառավարությունում իմաստուն մարդկանց, մասնավորապես՝ Ձեր վարչապետի շնորհիվ, ինչպես նաև հայ ժողովրդի շնորհիվ: Խաղաղությունն անչափ կարևոր է: Դուք խաղաղության եք հասել Ադրբեջանի հետ: Մենք խոսում ենք նաև Թուրքիայի հետ, Կենտրոնական Ասիայի երկրների հետ:
Ձգտում ենք կապել Եվրոպան Կենտրոնական Ասիայի հետ: Եվ Դուք հենց մեջտեղում եք, աշխարհագրական կարևոր դիրք ունեք: Այժմ գտնվում ենք հստակ նախագծերի մշակման և քննարկման փուլում։ Հայաստանի, ինչպես նաև Ադրբեջանի և Թուրքիայի կառավարությունների ներկայացուցիչների հետ շփումների ընթացքում առաջարկել ենք ստեղծել երեք երկրից և Եվրոպական Միությունից կազմված աշխատանքային խումբ, որի շրջանակում կքննարկենք՝ ինչ նախագծեր են անհրաժեշտ՝ լավագույնս զարգացնելու կապակցվածությունը՝ հաշվի առնելով յուրաքանչյուր երկրի շահերը։

Պատրաստ ենք գործակցության: Հայաստանին երկկողմ ձևաչափի աջակցությունից բացի՝ հատկացրել ենք ավելի քան 3 միլիարդ եվրո՝ այսպես կոչված «կապակցվածության զարգացման օրակարգի» համար, այդ թվում՝ առևտրի, էներգետիկայի, թվայնացման ոլորտներում:
Կապակցվածության, հաղորդակցությունների, ենթակառուցվածքների օրակարգի շրջանակում Դուք կարող եք ավելի ուժեղ դառնալ, միասին կարող ենք ուժեղ դառնալ: Ինչո՞ւ է դա կարևոր Եվրոպայի համար... Եվրոպան նույնպես փնտրում է նոր վստահելի գործընկերներ: Հետաքրքրված ենք ներդրումներ կատարելու հարցում: Այժմ մեր բյուջեն նախատեսված է մինչև 2027 թվականի վերջ: Ես խոսում էի 3 միլիարդի մասին: Դա ահռելի հնարավորություններ է բացում: Կապակցվածության հարցում հարկավոր է խելացի մոտեցում դրսևորել: Եվ առավելությունն այն է, որ Դուք և այլ երկրներ պատրաստ են դա անել»,- ասել է Մարթա Կոսը: