Իշխան Սաղաթելյանը սուտասան է: Միջադեպը սկսվել է այն բանից հետո, երբ ելույթիս ժամանակ Դաշնակցության պատգամավորների միջև խոսակցություն էր գնում, ինչին ես արձագանքեցի: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատմելով, թե ինչ է կատարվել ԱԺ նիստերի դահլիճում:
Հիշեցնենք՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե ԱԺ նիստերի դահլիճում կատարվածից առաջ հայտարարել են, որ Ազգային ժողով մուտք են անում օրենքի նախագիծ՝ ցեղասպանության ժխտումը, նսեմացումը քրեականացնելու համար: Նա ենթադրություն էր հայտնել, թե իշխող խմբակցության ռեակցիան պայմանավորված է եղել դրանով:
Սիմոնյանի խոսքով՝ այս ամենն արվում է նրա համար, որ վաղվա միջոցառամանն (Ջահերով երթ - խմբ.) ավելի շատ մարդ մասնակցի, բացի դրանից՝ հիշեցրեց՝ ցեղասպանության հերքումը արդեն իսկ քրեականացված է ՀՀ քրեական օրենսգրքով (հոդված 136 - խմբ.):
«Դրսից շատ դաշնակցական ընկերներ են եկել, պետք է աշխատանք ցուցադրվի, պետք է ցույց տրվի, թե իրավիճակը ինչ լարված է: Որևիցե կապ, բովանդակություն գոյություն չունի այդ ասածի հետ, սա հերթական սուտն է, մանիպուլյացիան, որը լավ է, քանի որ մարդիկ շատ վաղուց սա հասկացել են ու զզվում են նրանցից ու այս ստերից: Բոլորը շատ լավ գիտեն ճշմարտությունը»,- նշեց ԱԺ նախագահը:
Լրագրողների դիտարկմանը՝ արդյոք ԱԺ նախագահը չի՞ խախտում ԱԺ կանոնակարգ օրենքը՝ միջամտելով պատգամավորների աշխատանքին, ինչին ի պատասխան՝ Սիմոնյանը ասաց, որ ԱԺ նախագահի պարտականությունների մեջ է մտնում բնականոն աշխատանքի ապահովումը:
Նշենք՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հերքել է լուրերը, թե ԱԺ-ում միջադեպի պատճառը եղել է ընդդիմության կողմից Ցեղասպանությունը հերքելու դեմ նախագիծ ներկայացնելը: