Մամուլում իրականությանը չհամապատասխանող լուր է տարածվել առ այն, որ Ազգային ժողովում տեղի ունեցած լարումը պայմանավորված է եղել ընդդիմության կողմից Հայոց ցեղասպանությունը հերքելուն դեմ ուղղված նախագիծ ներկայացնելով:
Այս մասին խորհրդարանում հայտարարեց ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:
«Պետք է հստակ ասենք, որ լարումը տեղի է ունեցել ոչ մի առնչություն չունեցող դեպքի հետ՝ պարզապես ռեպլիկ է հնչել դահլիճից: Պետք է տեղեկացնեմ մեր սիրելի քաղաքացիներին, որ ցեղասպանության հերքումը բավական երկար ժամանակ քրեականացված է ՀՀ քրեական օրենսգրքով:
Խոսքը 136-րդ հոդվածի մասին է, որն ասում է՝ Ցեղասպանությունը կամ մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունները հրապարակայնորեն հերքելը, արդարացնելը, դրանք քարոզելը կամ դրանց վտանգավորությունը նսեմացնելը, եթե դա կատարվել է ռասայական պատկանելության, մաշկի գույնի, ազգային կամ էթնիկ ծագման կամ կրոնական պատկանելության հիման վրա՝ անձի կամ անձանց խմբի նկատմամբ ատելություն, խտրականություն կամ բռնություն հրահրելու նպատակով՝ պատժվում է քրեական պատասխանատվության համապատասխան միջոցներով, այսինքն՝ այս երևույթը քրեականացված է»,- ասաց Վարդանյանը:
Հիշեցնենք՝ խորհրդարանի արտահերթ նիստում ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանի կողմից ներկայացված «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցի քննարկման ժամանակ լեզվակռիվ սկսվեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և «Հայաստան» խմբակցության դաշնակցական անդամների միջև:
Դահլիճում իրավիճակը թեժացավ, պատգամավորները միջամտեցին՝ փորձելով իրավիճակը լիցքաթափել, հայտարարվեց 20 րոպե ընդմիջում: