ԿԿարմեն Ղուկասյան

Զինյալները հայտարարել են Դամասկոսը գրավելու, Սիրիայի վարչապետը՝ իշխանությունը փոխանցելու պատրաստակամության մասին

Զինյալները հայտարարել են Դամասկոսը գրավելու, Սիրիայի վարչապետը՝ իշխանությունը փոխանցելու պատրաստակամության մասին

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսը հայտնվեց ապստամբների վերահսկողության տակ սիրիական մի քանի խոշոր քաղաքների գրավումից երկու շաբաթից էլ քիչ ժամանակում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Տեղի ժամանակով 6:00-ին զինյալները հայտնել են, որ մտել են Դամասկոս, գրավել քաղաքի մերձակայքում գտնվող «Սայեդնայա» բանտը և ազատել բանտարկյալներին: Նրանք դա անվանել էին «անարդարության շրջանի ավարտ»:

Սիրիայում 2011 թվականին սկսված քաղաքացիական պատերազմի ընթացքում այդ բանտում էին պահվում նախագահ Ասադի ռեժիմի հակառակորդները: Իրավապաշտպանները հայտարարում էին, որ պատերազմի առաջին 5 տարիներին այդտեղ գաղտնի պայմաններում մահապատժի է ենթարկվել 5-13 հազար մարդ:

CNN-ը, վկայակոչելով զինյալների հայտարարությանը, հայտնում է, որ նրանք «պատրաստվում են վերահսկողություն սահմանել ռադիոյի ու հեռուստատեսության շենքերի նկատմամբ, որպեսզի հեռարձակեն Ասադի նկատմամբ հաղթանակի մասին հայտարարությունը»:

Դամասկոսում տեղի ունեցող իրադարձությունների մասին միակ պաշտոնական մեկնաբանությունը տվել է Սիրիայի վարչապետ Մուհամմադ Գազի ալ-Ջալալին: Նա հայտարարել է, որ գտնվում է իր տանն ու պատրաստ է աջակցել երկրի կառավարման «փոխանցմանը» այն բանից հետո, երբ Սիրիայի նախագահը հեռացել է երկրից:

Ալ-Ջալալին հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել ցանկացած ղեկավարության հետ, որին կընտրի Սիրիայի ժողովուրդը:

Ի պատասխան՝ զինյալների առաջնորդը հայտարարել է AFP գործակալությանը, որ Դամասկոսի պետական հաստատությունները կմնան Սիրիայի վարչապետի ղեկավարման ներքո մինչև իշխանության պաշտոնական փոխանցումը:

Դեռևս հայտնի չէ Բաշար Ասադի գտնվելու հստակ վայրը:

Ավելի վաղ հայտնել էինք՝ Reuters գործակալությունը, հղում կատարելով սիրիական բանակի բարձրաստիճան պաշտոնյաներին, տեղեկացրել է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը երկրում ռազմական գործողությունների ֆոնին լքել է մայրաքաղաք Դամասկոսը ու հեռացել «անհայտ ուղղությամբ»:

New York Times-ը գրում է, որ միակ թռիչքը, որը տեղի է ունեցել Դամասկոսի միջազգային օդանավակայանից, եղել է Մոսկվայի ուղղությամբ:

Դամասկոսի տասնյակ բնակիչները նույնպես փորձել են լքել երկիրը, սակայն օդանավակայանում քաոս է տիրել, հայտնում է CNN-ը:

Ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, հղում կատարելով Սիրիայի ռադիոյին, հայտնել է, որ բոլոր աշխատակիցները լքել են օդանավակայանը, դրա գործունեությունն ամբողջությամբ կասեցվել է:

Մինչ այդ, Դամասկոսի որոշ բնակիչներ սկսել են հավաքվել մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում՝ տոնելու Բաշար Ասադի ռեժիմի տապալումը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում