Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում ձերբակալված Հայաստանի ու Արցախի քաղաքացիներին

ՄՄայա Խաչատրյան

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում ձերբակալված Հայաստանի ու Արցախի քաղաքացիներին: Միջազգային կառույցի Երևանի գրասենյակից հաստատում են, որ այցը եղել է օգոստոսի ընթացքում և սեպտեմբերին:

«Լուրերի» հետ զրույցում Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին հաստատել է, որ այցելել են նաև Գուրգեն Ալավերդյանին:

Հիշեցնենք՝ Հայաստանի զինված ուժերի սպա Գուրգեն Ալավերդյանն օգոստոսի 22-ին՝ ժամը 19:30-ի սահմանում, շփոթվել և մոլորվել էր եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով՝ մարտական հենակետը ստուգելիս: Ադրբեջանը հայ սպային ներկայացրեց որպես դիվերսանտ:

Ալավերդյանին այցելության մասին հարցը վերջին անգամ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին «Լուրերն» ուղղել էր շաբաթ, ուստի ենթադրվում է, որ հայ սպային տեսակցությունը տեղի է ունեցել կա՛մ կիրակի, կա՛մ երկուշաբթի: 

Զառա Ամատունու խոսքով՝ նման աշխատանքներում, սովորաբար, առաջինը տեղեկացվում են ընտանիքի անդամները, և համապատասխան իշխանությունների ներկայացուցիչները դրանից հետո նոր կարող են հանրայնորեն հաստատել:

Կարմիր խաչի ներկայացուցիչներն Ադրբեջանում անազատության մեջ գտնվող անձանց այցի ժամանակ ստուգել են նրանց պահման պայմանները, տեղեկացել առողջական վիճակի մասին, հնարավորություն ընձեռել կապ հաստատել ընտանիքի հետ: 

«Կարող է լինել ավանդական դարձած նամակ, մի դեպքում ձայնագրված ուղերձ: Ավելի շատ առաջնորդվում ենք հնարավորություններով, և ո՞րն է անձի ցանկությունը: Դա էլ է շատ կարևոր: Կարող է բառերով, բանավոր փոխանցել»,- ասել է Զառա Ամատունին:

Ադրբեջանում պահվում են Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանը, զինծառայող Արայիկ Ղազարյանը, Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ Նարեկ Սարդարյանը, հայ սպա Գուրգեն Ալավերդյանն ու Արցախի քաղաքացի Արսեն Բաղդասարյանը: Ինչպե՞ս է նրանց վիճակը. որպես չեզոք միջնորդ՝ Կարմիր խաչն ավելին ասել չի կարող, բայց Զառա Ամատունին վստահեցնում է՝ հենց դա է կառույցի ուշադրության կենտրոնում: Ինչ նկատում ու արձանագրում են՝ քննարկում են համապատասխան իշխանությունների ներկայացուցիչների հետ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում