Դատախազական ներգործության արդյունքում՝ Հայաստանի Հանրապետության տիրապետմանն է վերադարձվել Սևանա լճի ափամերձ՝ 3100 քմ մակերեսով, 21 միլիոն 186 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողատարածքը:
Դատախազությունը միջնորդագիր էր հասցեագրել Շրջակա միջավայրի նախարարությանը և «Սևան» ազգային պարկին՝ 2004 թվականի դեկտեմբերի 20-ին ազգային պարկի և Ազգային ժողովի նախկին ՕԵԿ-ական պատգամավոր, «Լավանդայի Արայիկ» անվամբ հայտնի Արայիկ Հայրապետյանի միջև կնքված՝ բացարձակ նիշից ցածր տարածքում գտնվող հողատարածքի վարձակալության պայմանագիրը լուծելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:
Դրանից հետո «Սևան» ազգային պարկը և Հայրապետյանը համատեղ դիմում են ներկայացրել Կադաստրի կոմիտե՝ վարձակալության պայմանագիրը դադարեցնելու վերաբերյալ: Կադաստրի կոմիտեի տրամադրած տեղեկանքով հողատարածքի վարձակալության իրավունքը դադարեցվել է: