«ՀայաՔվե» միավորման համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը դատարանի դահլիճից ազատ է արձակվել:
Հանրային մեղադրողը պահանջել է, որ Ավետիք Չալաբյանի խափանման միջոց կալանքը երկարաձգվի ևս երկու ամսով, սակայն կալանքը վերացվել է:
ՀՀ գլխավոր դատախազությունից 1lurer.am-ին հարցմանն ի պաասխան հայտնեցին, որ կբողոքարկեն դատարանի որոշումը:
Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ավետիք Չալաբյանը, հանդիսանալով «Հայաքվե» միավորման համակարգող, Հայաստանի Հանրապետությունում 2026 թվականի հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններին ընտրության իրավունք ունեցող անձանց ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նպատակով, 2026 թվականի փետրվարի 4-ին Երևան քաղաքի սրճարաններից մեկում հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում գտնվող օտարերկրյա պետության ներկայացուցիչների հետ, որի ընթացքում համոզելու, վերոհիշյալ ընտրություններում նաև նրանց կողմից նախընտրած քաղաքական ուժի հաղթանակն ապահովելու հանգամանքով շահագրգռելու միջոցով դրդել է վերջիններիս, որպեսզի նրանք խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, իրենց ծառայողական, իշխանական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով խոչընդոտեն հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններին ընտրության իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը, այն է՝ օտարերկրյա պետությունում գործող կազմակերպությունների սեփականատերերի միջոցով ստիպեն այդ կազմակերպություններում աշխատող, ընտրելու իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիներին մեկնել Հայաստանի Հանրապետություն և հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ընթացքում քվեարկել «Ուժեղ Հայաստան» դաշինքի օգտին, որի կապակցությամբ օտարերկրյա պետության ներկայացուցիչները տվել են իրենց համաձայնությունը:
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր կալանքը։