Ջախջախվելու է պատերազմի եռագլուխ ընդդիմությունը և ջախջախվելու է նաև առաջիկա խորհրդարանում: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով 2026 թվականի հունիս 7-ի Ազգային ժողովի ընտրություններին և խորհրդարան ձևավորող նոր ուժերին:
«Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գան խորհրդարան, մենք նրանց քաղաքականապես ջախջախելու ենք նաև այս խորհրդարանում»,- ասաց նա:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը, անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանի հայտարարությանը, թե ընդդիմադիր ուժերի համախմբման գործընթաց է մեկնարկում, հայտարարեց.
«Իրականում ՀՀ-ն փրկվեց իշխանազավթումից, որը փողի ուժով ուզում էին իրականացնել քաղաքական ուժերը: Այն, որ ասում են՝ համախմբվելու ենք, նորություն չէ, որ նրանք վաղուց համախմբված են, նույն կետից կառավարվում են, նույն կետից գործում են, և այն քրեական գործերը, որոնք Հակակոռուպցիոն կոմիտեում կան, վկայում են այն մասին, որ հատկապես եռագլուխ հրեշն իրար հետ է գործել ՀՀ պետականության դեմ»: