Կառավարությունը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել ծավալուն բարեփոխումներով օրենսդրական նախաձեռնություն՝ առանցքային փոփոխություններով: Առաջարկվում է բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման ճկուն համակարգի ներդնում` Բնության պահպանության միջազգային միության (IUCN) կողմից սահմանված բնության հատուկ պահպանվող տարածքների 5-րդ (պահպանվող լանդշաֆտ) կատեգորիայի ստեղծմամբ՝ համապատասխանեցնելով օրենքը միջազգային չափանիշներին:
ՀՀ ԱԺ հունիսի 17-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մկրտչյանի ներկայացմամբ՝ առաջարկվում է բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման գործընթացում տեղական ինքնակառավարման մարմինների ներգրավումը: Սահմանվել է բնության հուշարձանների և հարակից տարածքների ներդրումային միջավայրի բարելավման հստակ գործիքակազմ, որով մրցութային ընթացակարգով հնարավորություն է ընձեռվելու ե՛ւ համայնքներին, ե՛ւ իրավաբանական անձանց՝ իրականացնելու բնության հուշարձանների կառավարումը: Սահմանվել է, որ բնության հատուկ պահպանվող տարածքները կառուցապատման իրավունքով կտրամադրվեն բացառապես ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով:
Օրենքների նախագծերի փաթեթի ընդունմամբ կապահովվի նաև բուսաբանական այգիների, դենդրոպարկերի և անտառպարկերի ստեղծման, կառավարման և կանոնադրական կարգավորման իրավական հիմքերի հստակեցումը, ինչը կնպաստի դրանց պահպանության, օգտագործման և գործառնական կառավարման առավել միասնական և կանխատեսելի համակարգի ձևավորմանը:
Գլխադասային՝ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծերի փաթեթի վերաբերյալ ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը՝ կոչ անելով կողմ քվեարկել: