«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարություն է տարածել՝ անդրադարռնալով երկու ընտրատեղամասերում քվեարկության արդյունքները չեղարկելու վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմանը։
Ծառուկյանը պնդում է, որ այդ որոշումն ազդել է ընտրությունների վերջնական արդյունքների վրա, և հայտնում է, որ իրավաբանական թիմերն աշխատում են բողոքարկումների և դատական գործընթացների ուղղությամբ։
Միաժամանակ ԲՀԿ առաջնորդը տեղեկացնում է, որ սկսում է քաղաքական կոնսուլտացիաներ այլ քաղաքական ուժերի հետ՝ միասնական օրակարգի և հետագա քայլերի մշակման նպատակով։
Հիշեցնենք՝ նախօրեին Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անվավեր է ճանաչել 10/51 և 35/65 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները: Սրանք այն տեղամասերն են, որտեղ զինվորականների քվեարկությունը հունիսի 7-ի համապետական ընտրության օրը շարունակվել էր երեկոյան ժամը ութից հետո: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը ևս անդրադարձել էր որոշմանը՝ նշելով, որ չեղարկվում են 2 տեղամասի արդյունքներ, որոնցում ՔՊ-ն հանրագումարով ուներ 1224 քվե: