Իսպանիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հայտարարություն է ընդունել՝ աջակցություն հայտնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։
«Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը՝ ներկայացնելով խորհրդարանական բոլոր խմբակցությունները,
ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է
Իր աջակցությունը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրմանն ուղղված ջանքերին, ինչը թույլ կտա տևական և կայուն կերպով վերջ դնելու երկու պետության միջև հակամարտությանը։
Հանձնաժողովը դրական է գնահատում այն, որ այս համաձայնագիրը հիմնված է միջազգային իրավունքի սկզբունքների, մասնավորապես՝ պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անխախտելիության և քաղաքական անկախության սկզբունքների, ինչպես նաև ուժի կիրառումից կամ դրա սպառնալիքից և ցանկացած տարածքային պահանջից հրաժարվելու վրա։
Հանձնաժողովը նաև ընդգծում է սահմանազատման, վստահության և անվտանգության միջոցառումների, վեճերի խաղաղ կարգավորման և մարդասիրական, հատկապես՝ անհետ կորած անձանց առնչվող հանձնառությունների վերաբերյալ նախատեսված մեխանիզմների կարևորությունը։ Այս իմաստով և որպես խաղաղության գործընթացում առաջընթացի վկայություն՝ հիմնարար նշանակություն ունի բոլոր պատանդառված հայերի ազատ արձակման ուղղությամբ առաջընթացը. քայլ, որը կամրապնդի փոխադարձ վստահությունը և կուժեղացնի համաձայնագրի հումանիտար բաղադրիչը։
Հանձնաժողովը միաժամանակ ընդգծում է հաղորդակցությունների բացմանը, տնտեսական համագործակցությանը և տարածաշրջանային կապակցվածությանն ուղղված նախաձեռնությունների կարևորությունը՝ որպես Հարավային Կովկասում կայունությանն ու բարգավաճմանը նպաստող տարրեր։
Հանձնաժողովը բարձր է գնահատում միջազգային հանրության դերն այս գործընթացին սատարելու գործում և խրախուսում է շարունակել աջակցել տարածաշրջանային խաղաղությունը, կայունությունն ու համագործակցությունն ամրապնդող բոլոր նախաձեռնություններին։
Ելնելով վերոգրյալից՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը․
-
Հայտնում է իր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին և վերահաստատում է իր հանձնառությունը՝ խթանելու խաղաղությունը, երկխոսությունը և միջազգային համագործակցությունը՝ որպես պետությունների միջև համակեցության հիմնարար սկզբունքներ։
-
Խրախուսում է կողմերին ավարտին հասցնել Համաձայնագրի ստորագրումը և բարեխղճորեն իրականացնել այն։
-
Ընդգծում է երկու պետության միջև արդար, տևական և ներառական խաղաղության ամրապնդման կարևորությունը, որը կծառայի ներկա և ապագա սերունդների շահերին և կնպաստի տարածաշրջանի կայունությանն ու բարգավաճմանը»,- ասված է հայտարարության մեջ:
Իսպանիայում ՀՀ դեսպան Սոս Ավետիսյանն էլ շնորհակալություն է հայտնել Պատգամավորների կոնգրեսի արտաքին գործերի հանձնաժողովի բոլոր խմբակցություններին՝ հայտարարության համար:
«Շնորհակալություն եմ հայտնում Պատգամավորների կոնգրեսի արտաքին գործերի հանձնաժողովի բոլոր խմբակցություններին այս կարևոր հայտարարության համար, որը նպատակ ունի սատարելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանն ու տարածաշրջանային հաղորդակցությունների բացմանը»,- նշել է դիվանագետը: