Չեմ կարող ասել, որ ունեցել ենք ընտրական հանցագործություններով 100 տոկոս բացահայտման ցուցանիշ, բայց միաժամանակ կարող եմ ասել, որ Հակակոռուպցիոն կոմիտեն աշխատել է արդյունավետ: Այդ մասին Ազգային ժողովում ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը:
Ըստ նրա՝ Հակակոռուպցիոն կոմիտեի հաստիքների թվի համեմատությամբ իրականում մեծածավալ աշխատանք է կատարվել:
«Այս պահին ունենք հաստիքներում համալրված 72 քննիչ, ունենք օպերատիվ- հետախուզական պաշտոններում համալրված 78 անձ: Թափուր հաստիքների թիվը հասնում է գրեթե 60-ի: Այսինքն՝ նման մարդկային ներուժի պայմաներում Հակակոռուպցիոն կոմիտեն, ըստ էութան, իրականացրել է 100-ից ավելի բացահայտումներ ամբողջ հանրապետության տարածքում և քննել է շուրջ 115 քրեական վարույթ, որոնք առաջիկայում ավելանալու են, ունենալու ենք նոր բացահայտումներ:
Հետևաբար, արդյունավետության առումով, հաշվի առնելով մարդկային ներուժը ու տեխնիկական հնարավորությունները, կոմիտեի կատարած աշխատանքը գնահատում եմ բավականին բարձր և արդյունավետ»,- ասաց նա:
Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի՝ առաջիկայում, երբ ամփոփվեն կատարված աշխատանքները, պատկերն ամբողջական կլինի, թե ինչ բացահայտումներ են եղել ընտրական հանցագործությունների ոլորտում, ապա կսկսվի ուսումնասիրություն, թե ֆինանսական առումով ինչ է անհրաժեշտ կոմիտեին ավելի պատրաստված, տեխնիկապես ավելի հագեցած դարձնելու համար: Նաև նախատեսվում է տարածքային ստորաբաժանումներ բացել համայնքներում:
Այս համատեքստում Նահապետյանը հիշեցրեց՝ Վաղարշապատի ընտրությունների ամփոփումից հետո եղան բազմաթիվ բացահայտումներ, և եղան մինչև 5 տասնյակի հասնող մեղադրյալներ, որոնք մեղադրվում են ընտրակաշառք տալու և ստանալու համար: Այս ընտրությունների ամփոփումից հետո ևս, ըստ Նահապետյանի, ակնկալվում են բացահայտումներ:
«Վստահեցում եմ, որ մենք կունենանք նոր բացահայտումներ այս առումով: Արդեն ունենք օպերատիվ մարմնում բացահայտված դեպքեր, որոնք դեռևս չեն հանրայնացվել, չենք գնացել բաց քննության փուլ, բայց առաջիկայում գնալու ենք և իրականացնելու ենք խուզարկություններ, ձերբակալություններ և հետապնդումներ: Այս առումով մեր աշխատանքը չի կանգնելու:
Եթե անգամ անցնեն տարիներ, և մենք ստանանք կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների վերաբերյալ տվյալներ, դրանք ստուգելու ենք՝ ամբողջ գործիքակազմի կիրառմամբ և գնալու ենք քրեական հետապնդումների»,- ասաց նա: