Հայաստանում խնդիր ունենալու են միայն օլիգարխները և նրանց ընտրատասովշչիկները: Առաջիկա 5 տարում նրանք այդ խնդիրներից չեն ազատվելու: Իրենք այնքան խնդիր են ունենալու առաջիկա 5 տարում, որ ես չգիտեմ էլ՝ ինչ է լինելու: Այդ մասին խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
Ինչ վերաբերում է ՔՊ-ի՝ սահմանադրական մեծամասնություն չկազմելուն, պատգամավորը նկատեց՝ ներկայիս ԱԺ-ի գործող գումարման մեջ ՔՊ-ն չուներ սահմանադրական մեծամասնություն:
«Է, հիմա էլ չունենք, և՞»,- ասաց Ալեքսանյանը՝ դիմելով լրագրողներին:
Ինչ վերաբերում է հանրաքվեին, նշեց՝ սահմանադրական հանրաքվեի մասին կխոսեն, երբ դրա մասին խոսելու ժամանակը գա:
«Բայց ես խնդրում եմ այս օլիգարխիկ կլանի ու այս անսահմանափակ փողի մեշոկների ջախջախումը մի փորձեք նվաստացնել»,- ասաց նա:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ընտրատասովշչիկներ ասելով նա վիրավորում է ընդդիմադիր հայացքներով մարդկանց, Ալեքսանյանը չհամաձայնեց:
«Բնավ: Այն քաղաքացին, որը գնացել է ընտրատեղամաս, իր ազատ կամքով քվեարկել է թեկուզ ամենառադիկալ ընդդիմադիրին, ես խորագույն հարգանք ունեմ այդ քաղաքացու քաղաքացիական դիրքորոշման նկատմամբ, ու դա մեր քաղաքական հավատամքն է, որ քաղաքացին պետք է քվեարկի իր քաղաքական համոզմունքներից ելնելով կամ նույնիսկ՝ իր ցանկության կամ տրամադրության»,- ասաց Ալեքսանյանը: