«Ուժեղ Հայաստան» դաշինքը հայտարարել է, որ վերլուծում է իրավիճակը և ճշգրտում ընտրողների կամարտահայտության իրական պատկերը, որի ավարտից հետո կներկայացնեն իրենց դիրքորոշումն ու հետագա քայլերը։ Մինչ այդ, գիշերը Սամվել Կարապետյանը իր տանը հայտարարել է, թե ապօրինություններ են եղել՝ առանց մանրամասնելու՝ ինչի մասին է խոսքը:
«Ես ուզում եմ ձեզ ասեմ, բոլորիդ ասեմ, ընտրությունները դեռ չեն ավարտվել, արդյունքները դեռ չկան, դրա համար մի անհանգստացեք, իրենք չեն ունենալու իրենց ուզած հաղթանակը, որովհետև նույնիսկ իրենց հարցազրույցից, իրենց դեմքերի արտահայտություններից արդեն կռահեցիք, որ իրենց գործերը լավ չեն գնում: Իրենք ընդամենը 30 տոկոս տվյալներ ունենալով հայտարարում են, որ արդեն հաղթել են, բայց 30 տոկոսը ընդամենը գյուղական վայրերի արդյունքներն են, հենց սկսվեց քաղաքների արդյունքները, սկսեցին մեծ, շատ թափով նվազել: Դրա համար անցան հատուկ գործողությունների, նույնիսկ պատկերացում չունենք՝ ինչ գործողությունների, դրա համար ես ուզեցի տեղյակ պահեմ, որ ապօրինությունները շարունակվում են»,- ասել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը:
«Հայաստան» դաշինքը հայտարարել է, որ վիճարկելու են ընտրությունների արդյունքները: Ըստ դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի՝ ընտրություններն անցել են համատարած ճնշումների, ընդդիմադիրների ձերբակալությունների, վարչական ռեսուրսի աննախադեպ կիրառման ու ընտրախախտումների պայմաններում, ուստի ընդդիմադիր դաշտի գործընկերների հետ քննարկում են հետագա անելիքները: Մի բան հստակ է, ըստ Քոչարյանի՝ պայքարի խրամատը չեն լքելու:
Ընտրությունների արդյունքներից դժգոհ է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Նախընտրական շտաբը հայտարարում է, որ ընտրախախտումներ են եղել, ուստի դիմելու են վերահաշվարկի համար, օգտագործելու են իրավական բոլոր գործիքակազմերը և հետամուտ են լինելու ընտրախախտումների բացահայտմանը։