«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շտաբում հրավիրված ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց նաև Թուքիայից ժամանած լրագրողը։ Նա հետաքրքրվեց՝ ինչ ուղերձ ունի նաև Թուրքիային և Ադրբեջանին։
«Գիտեք, ուղերձը նույնն է՝ Հայաստանի ժողովուրդը ցանկանում է խաղաղություն և տարածաշրջանային բարօրություն՝ տարածաշրջանային համագործակցության համար: Եվ ես հուսով եմ, որ սա դրական արձագանքների կարժանանա թե՛ Թուրքիայի և թե՛ Ադրբեջանի կողմից:
Մենք պետք է ինստիտուցիոնալացնենք խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև, բայց և մենք պետք է բացենք մեր սահմանը Թուրքիայի հետ: Նկատի ունեմ՝ Թուրքիան պետք է բացի սահմանը, և իհարկե, մենք պետք է դիվանագիտական հարաբերություններ հաստատենք»,-ասաց նա։
Նա նշեց, որ երախտապարտ է Ախալքալաք-Կարս երկաթգծի բացման որոշման համար:
«Գիտեք, մենք շատ լավ դինամիկա ունենք Թուրքիայի հետ և առայժմ գոհ ենք, բայց, իհարկե, մենք պետք է շարունակենք այդ դինամիկան՝ վերջնական բեկում ունենալու համար. նկատի ունեմ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և, իհարկե, լիարժեք ու ամբողջությամբ բաց սահման ունենալը: Ադրբեջանի դեպքում գիտեք, որ մենք ունենք նախնական խաղաղության պայմանագիր: Մենք պետք է ստորագրենք այն և, ի դեպ, պետք է հնարավորինս արագ սկսենք ԹՐԻՓՓ նախագիծը, որը տարածաշրջանային խաղի կանոններ փոխող նախագիծ է, քանի որ դա նշանակում է, որ մեր տարածաշրջանի շրջափակումը հաղթահարված է:
Այն հաղթահարված է, և դա շատ մեծ նորություն է, որովհետև մեր տարածաշրջանը փակուղուց վերածվում է խաչմերուկի, և դա շատ լավ նորություն է բոլորիս համար»,-նշեց նա։