Մեր Իրավիճակային կենտրոնը, այդ թվում՝ մամուլում հրապարակվող բոլոր ահազանգերով ու խնդիրներով զբաղվում է: Այդ մասին ուղիղ եթերում, ներկայացնելով ԱԺ ընտրությունների ընթացքը, տեղեկացրեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը:
«Բոլոր ընտրությունների ժամանակ ԿԸՀ-ում քվեարկության ժամանակ գործում է Իրավիճակային կենտրոնը, որը բոլոր ահազանգերի, մամուլի հրապարակումների հետքերով գնում է, ու մենք խնդիրները արագ կարգավորում ենք: Այսինքն՝ չի կարող չլինել խնդիր, որը չլուծվի:
Կան, օրինակ՝ տեխնիկական խնդիրներ, մի քանի տեղամասերից ահազանգեր ենք ստացել ցուցակների հետ կապված, սակայն բոլոր խնդիրներին լուծում տալիս ենք»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է քվեաթերթիկները լուսանկարահանելուն, ասաց՝ չի հասկանում դրանք լուսանկարահանելու ձգտումը:
ԿԸՀ նախագահը քաղաքացիներին հիշեցրեց ընտրական կարգը:
«Հարգելի՛ քաղաքացիներ, դուք մտնում եք տեղամաս, մոտենում եք տեխնիկական սարքի աշխատողին, ներկայացնում եք ձեր անձը հաստատող փաստաթուղթ, որը մուտք է արվում սարքի մեջ, այնուհետև տրամադրում եք ձեր մատնահետքը: Դրանից հետո սարքը տպում է կտրոնը և անձը հաստատող փաստաթղթի հետ վերադարձվում է ընտրողին:
Ընտրողը մոտենում է ընտրողների ցուցակը սպասարկողին, գտնում են ընտրողի տվյալները, ընտրողը ստորագրում է, այնուհետև ընտրողի ստորագրության կողքը ընտրական հանձնաժողովի անդամը անհատական կնիքով կնքում է:
Այնուհետև ընտրողը մոտենում է քվեաթերթիկներ տրամադրող հանձնաժողովի անդամին, որը տրամադրում է թվով 18 քվեաթերթիկ, որոնցից բացակայում է 13 համարի քվեաթերթիկը և մեկ ծրար: Ընտրողը այս 18 քվեաթերթիկով մոտենում է քվեախցիկին, առանց ծալելու որևէ մեկը դնում է ծրարի մեջ, մնացածը թողնում է տեղում՝ քվեախցում հատուկ գրպանիկ կա ավելորդ քվեաթերթիկների համար:
Ապա հանձնաժողովի անդամը առանց ծրարը ընտրողի ձեռքից վերցնելու ծրարի կտրվածքի վրա փակցնում է դրոշմանիշ, որից հետո հնարավորություն է տալիս, որպեսզի ընտրողը քվեաթերթիկը գցի քվեատուփը»,- պարզաբանեց նա:
Հովակիմյանը «անհեթեթություն» որակեց քվեաթերթիկը նկարելու պրոցեսը:
«Չի՛ կարելի ոչ նկարել, ո՛չ քվեարկության գաղտնիությունը որևէ կերպ խախտել, որովհետև քվեարկության գաղտնիությունը ոչ միայն իրավունք է, այլև պարտականություն»,- հավելեց նա: