«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունում 2026 թվականի ներդրումային ծրագրով նախատեսված աշխատանքները գտնվում են մեկնարկային փուլում.
Արդեն իսկ կնքվել են շուրջ 16 մլրդ ՀՀ դրամի բյուջեով կապալի պայմանագրեր և ավելի քան 12 մլրդ ՀՀ դրամ արժողությամբ էլեկտրատեխնիկական սարքավորումների և նյութերի ձեռքբերման պայմանագրեր: Այս մասին տեղեկացնում են ՀԷՑ-ից:
«ՀԾԿՀ կողմից հաստատված՝ ՀԷՑ-ի 2026 թվականի Ներդրումային ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 46,7 մլրդ ՀՀ դրամ (առանց՝ ԱԱՀ):
2026 թվականի Ներդրումային ծրագրի շրջանակներում այսօր արդեն հայտարարվել է Երևան քաղաքում և ՀՀ մի շարք խոշոր բնակավայրերում շուրջ 600 բազմաբնակարան շենքերի՝ ավելի քան 1500 շքամուտքերի էլտնտեսությունների վերանորոգման (շքամուտքերում էլեկտրամատակարարման ցանցի բարելավում) աշխատանքների իրականացման նպատակով կապալառու կազմակերպությունների ընտրության մրցույթ:
Մրցույթն իրականացվելու է 7 լոտերով, որոնք ընդգրկում են թե՛ Երևանի մի շարք վարչական շրջաններ և թե՛ Կոտայքի, Գեղարքունիքի, Շիրակի և Լոռու մարզերի խոշոր քաղաքներ և բնակավայրեր:
ՀԷՑ-ի 2026 թվականի ներդրումային ծրագրում շուրջ 600 բազմաբնակարանային շենքերի էլեկտրամատակարարման ցանցի վերանորոգման և բարելավման աշխատանքների համար նախատեսված է շուրջ 600 մլն ՀՀ դրամ»,- ասվում է հաղորդագրությունում: