Հայաստանի Հանրապետությունում երկրորդ տարին անընդմեջ գրանցվում է կոռուպցիոն հանցագործությունների թվի նվազում (2023 թվական՝ 1368, 2024 թվական՝ 1116, 2025 թվական՝ 996): Այս մասին Հայաստանի Հանրապետության դատախազության 2025 թվականի գործունեության մասին հաղորդման ժամանակ տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:
Նրա խոսքով՝ 2025 թվականի ընթացքում նախաքննական մարմինների վարույթում քննված 3024 քրեական վարույթից ավարտվել է 980-ը (2024 թվականին՝ 1097), որոնցից 669-ը կարճվել է (2024 թվականին՝ 880), այդ թվում՝ 489-ը՝ արդարացման (2024 թվականին՝ 473), իսկ 180-ը՝ ոչ արդարացման հիմքերով (2024 թվականին՝ 407): 311 քրեական վարույթ՝ 772 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 217 քրեական վարույթ՝ 493 անձի վերաբերյալ) մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:
Վարդապետյանը հայտնեց նաև՝ 411 քրեական վարույթ միացվել է այլ քրեական վարույթների, իսկ անավարտ է մնացել 1329 քրեական վարույթ:
«2025 թվականի ընթացքում դատարաններում քննվել և ավարտվել է կոռուպցիոն բնույթի 157 քրեական գործ (2024 թվականին՝ 163)՝ 282 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 362): Նշված քրեական գործերից 107-ով (2024 թվականին՝ 126) 193 անձ դատապարտվել է (2024 թվականին՝ 272), որոնցից 27 անձ (2024 թվականին՝ 37)՝ ազատազրկման, 27 անձ (2024 թվականին՝ 46)` տուգանքի, 9 անձ (2024 թվականին՝ 4)՝ հիմնական այլ պատժի, 133 անձի (2024 թվականին՝ 185) նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, 13 անձի (2024 թվականին՝ 17) նկատմամբ կիրառվել են նաև լրացուցիչ պատիժներ:
32 գործով 55 անձ արդարացվել է (2024 թվականին՝ 11 գործով 17 անձ)»,- տեղեկացրեց նա: