ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է Իրանի առաջարկած հակամարտության կարգավորման ծրագիրը՝ Reuters-ին հայտնել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան՝ անանուն մնալու պայմանով։
Թեհրանի առաջարկի համաձայն՝ կողմերը նախ պետք է ավարտեին պատերազմը և վերականգնեին նավագնացությունը Հորմուզի նեղուցում՝ հետաձգելով Իրանի միջուկային ծրագրի քննարկումը մինչև ավելի ուշ փուլ: Այդ սխեմայի շրջանակներում Իրանը պարտավորվում էր բացել նեղուցը, իսկ ԱՄՆ-ը՝ վերացնել իրանական նավահանգիստների շրջափակումը։ Փոխարենը Վաշինգտոնն ու Իսրայելը պետք է երաշխավորեին հետագա հարձակումներից հրաժարվելը։
«Իրանը ցանկանում է գործարք կնքել, բայց նրանց առաջարկն ինձ չի գոհացնում»,- հայտարարել է Դոնալդ Թրամփը: ԱՄՆ նախագահը նշել է, որ կցանկանար չվերսկսել Իսլամական Հանրապետության դեմ գործողությունները, սակայն այդ տարբերակը դեռ օրակարգում է:
Միևնույն ժամանակ, Թրամփը հայտարարել է, որ Իրանի նկատմամբ հաղթանակի ճանապարհի կեսին են, բայց շուտ չեն հեռանա Իրանից, քանի որ չեն ցանկանում, որ ամեն ինչ կրկնվի: Նա կրկին պնդել է, որ Թեհրանը չի կարող միջուկային զենք ունենալ:
Իրանի զինված ուժերի կենտրոնական շտաբի խոսնակ, բրիգադի գեներալ Մոհամմադ Ջաֆար Ասադին էլ շատ հավանական է համարել Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությունների վերսկսումը Վաշինգտոնի և Թեհրանի միջև փխրուն հրադադարի պայմաններում:
Ասադին ընդգծել է, որ Իրանի զինված ուժերը «լիովին պատրաստ են Միացյալ Նահանգների ցանկացած նոր արկածախնդրությանն ու սխալ հաշվարկներին»․ նրա խոսքերը հաղորդում է Fars լրատվական գործակալությունը։