Երևանի խցանումների հետ կապված՝ պիտի հասկանանք մի բան. որ աշխարհում ոչ մի քաղաք չկա, որը безразмер է: Այսինքն՝ կա քանակ մեքենաների, որ կարող է գալ, մտնել, դուրս գալ, և կա քանակ, որը չի կարող: Պետք է, որ մենք՝ յուրաքանչյուրս, ուշադի՛ր լինենք, նաև վարորդներն ուշադիր լինեն երթևեկության առումով, և մի ինչ-որ պահի ինչ-որ որոշում պետք է կայացվի: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ խցանումների հարցով զբաղվող աշխատանքային խումբ կա ձևավորված:
Ինչ վերաբերում է ճանապարհների, փողոցների ասֆալտապատմանը, ապա Փաշինյանը նշեց, որ, օրինակ, հենց Գյումրի քաղաքի վարչական սահմաններից դուրս ես գալիս, ճանապարհները փայլուն վիճակում են: Ըստ Փաշինյանի՝ սա վկայում է այն մասին, որ լինում են քաղաքային իշխանություններ, որոնք գործում են ոչ թե ի հեճուկս քաղաքի շահերի, այլ քաղաքի շահերով, և որ քաղաքային իշխանությունները պետք է օգտվեն կառավարության սուբվենցիոն ծրագրերից:
«Հեղափոխությունից հետո էլ՝ 2018 թվից, Գյումրիում եղել է քաղաքային իշխանություն, որն ուղղակի կամ անուղղակի, բացահայտ թե տակից, գործել է ի հեճուկս Կառավարության, և դրա արդյունքը տեսնում ենք:
Նույնը Երևանում է: Ցավոք սրտի, 2018-ի ընտրություններից հետո մեր կուսակցության ներքո ձևավորված իշխանությունը և քաղաքապետն էլ, ուղղակի թե անուղղակի, 1000 ձևերով, իրենց օրակարգերով… և այլն, և դրա հետևանքն այսօր տեսնում ենք»,-ասաց նա:
Ըստ Փաշինյանի՝ հասկանալով, որ Գյումրիի ճանապարհների հարցը չի լուծվելու, որոշվել է Անի և Ավստրիական թաղամասերի բոլոր փողոցներն ասֆալտապատելու ծրագիր իրականացնել: Այս համատեքստում վարչապետն ընդգծեց՝ համայնքի փողոցների պատասխանատուն համայնքն է:
«Դրա ուղիղ հետևանքն է, որ Երևանի նախկին քաղաքապետը և Գյումրիի համայնքի ղեկավարները բացահայտ կամ ոչ բացահայտ գործել են Կառավարության դեմ: Փոխանակ Կառավարության ծրագրերից օգտվեն, Կառավարության տված ֆինանսավորումը ճիշտ նպատակների համար օգտագործեն. եսիմ ինչի համար են օգտագործել, և մենք հիմա պիտի դրա պատասխանատվությունն էլի կրենք ու կկրենք»,- ասաց նա:
Անդրադառնալով Երևանի փողոցների ասֆալտապատման խնդիրներին՝ Փաշինյանը տեղեկացրեց, որ խնդիր է դրել քաղաքապետ Տիգրան Ավինյանի առաջ, որպեսզի արագ լուծեն հարցը:
«Հանձնարարել եմ դեռևս փետրվարին, որ Երևանում անհրաժեշտ միջոցները ձեռնարկվեն գոնե այս պահի խնդիրը լուծելու համար: Եղանակն է շատ խանգարում, որովհետև անձրևի պայմաններում ասֆալտ անել չի լինի»,- ասաց նա:
Այս համատեքստում Փաշինյանը նաև հայտարարեց. «Մենք Երևանով էլ, Գյումրիով էլ շատ լուրջ պիտի զբաղվենք, որովհետև մարդիկ հո մեղավոր չե՞ն, որ ինչ-որ մեկը գալիս է, հեղափոխության ներքո ընտրվում է, հետո ուրիշ օրակարգեր է բացահայտ կամ ոչ բացահայտ առաջ տանում, մյուսներն էլ գալիս, համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում են, իրեն պատկերացնում են չգիտեմ ինչ, փոխանակ համայքների խնդիրներով զբաղվեն: Մի հատ էլ մեր կառուցած շատրվանը միացնում են Доля Воровская երգով: Հիմա հույս ունեմ՝ երգում է Доля Воровская-ն առավոտ-իրիկուն»: