2022-ին կարևոր որոշում է ընդունվել, ըստ որի՝ անասնաբուծության ճյուղում խոշոր ներդրումային ծրագրերի դեպքում Կառավարությունը տվել է աջակցություն, այն է՝ եթե սահմանամերձ հատվածում մինիմում պիտի 500 մլն ներդրում լինի, ոչ սահմանամերձ հատվածներում՝ 1 մլրդ դրամ և ավելի, կապիտալ ծախսերի 40 տոկոսի չափով վերադարձ է կատարվել, իսկ կապիտալ ծախսերը շատ մեծ մասն են կազմում նման պրոցեսներում նման համալիրներ կառուցելու: Այդ մասին Կառավարության՝ ապրիլի 23-ի նիստին ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Ըստ նախարարի՝ նախորդ տարվա հաշվետվությունների ժամանակ դիտարկում է հնչել վարչապետի կողմից, որ եթե կան խոշոր ներդրումային ծրագրեր, չպետք է վերևի սահմանները փակել, սահմանափակումներ իրականացնել, պետք է ծավալները մեծացնել:
«Մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը հնարավորություն ենք տալիս, որ եթե կլինեն նոր նախաձեռնություններ, նոր ներդրումներ, գան, այս ծրագրով մասնակցեն, իսկ մյուս ծրագիրը, որը հնարավորություն է տալիս խելացի անասնագոմ ունենալ 1000 և ավելի գլխի համար, դա արդեն 2027 թվականի հունվարի 1-ից կմտնի ուժի մեջ, որը կբերենք մոտակա ժամանակներում կամ ավելի շուտ, եթե ֆինանսական հնարավորությունները թույլ տան: Սա է նախաձեռնությունը:
Սրանով նվազագույնը ևս 4 խոշոր անասնաբուծական համալիր կունենանք: Հույս ունենանք՝ նոր հայտեր էլ կլինեն»,- ասաց նախարարը:
Պապոյանը նաև տեղեկացրեց, որ նախաձեռնության մասին արդեն իսկ տեղեկացրել են գործարար համայնքին, շատ մեծ հետաքրքրություն կա գործարար համայնքի շրջանակում: Ավելին՝ կա գործարար, որը 800 և ավելի անասնագլխով խելացի անասնագոմ ստեղծելու համար սպասման մեջ է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Պիտի ծախսերը լինեն անկանխիկ, միանշանա՛կ: Ոչ ոք չի կարող գալ, ասել՝ հորս արև, մի միլիարդ ներդրում եմ արել: Էդ մի միլիարդն իմ պահանջն է: Որ պահին ես ուզեցի, ասացի՝ բերեք, էդ մի միլիարդ ներդրումը, շրջանառությունը բանկային համակարգով ցույց տվեք, պիտի հատիկ-հատիկ [ցույց տան]»:
Փաշինյանը նաև ընդգծեց՝ ամեն ինչ պետք է լինի ստուգելի-հետագծելի, և ֆեյքը պետք է բացառվի, մնացածի մասով կաջակցեն: