Ասում են՝ ինչո՞ւ ես ասել «Արցախը Հայաստան է, և վերջ»: Կա մի իրողություն. 1994-1995 թվականից փաստացի ՀՀ-ն՝ որպես պետություն, նույն կետի վրա կանգնած է եղել 25 տարի, ու այդ կետը եղել է փակուղային կետ: Այդ մասին Ազգային ժողովի՝ ապրիլի 17-ի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Անկախության 30 տարիներին ամբողջ պետական համակարգն աշխատել է այն տրամաբանությամբ, որ Արցախը Հայաստան է: Լուծված է այդ հարցը, խնդիր չկա, ամեն ինչ նորմալ է:
Եկել ենք, առերեսվել ենք այդ իրողության հետ, որ մի հատ հասկանանք՝ ի՞նչ է կատարվում, ու սկսել ենք հարցեր տալ, ու սկսել ենք գնալ այդ հարցերի հետևից, ու սկսել ենք գտնել այդ հարցերի պատասխանները, ու այդ հարցերի պատասխանների հետևից [գնալով] է, որ հասկացել ենք՝ մենք թակարդի մեջ ենք, պետք է այդ թակարդից դուրս գանք, որովհետև եթե թակարդից դուրս չգանք, մենք պետությունը կորցնելու ենք:
Եվ դա, այո՛, ես ուզում եմ ասել, հարգելի՛ գործընկերներ, և դա պետք է ասել, որ մենք շատ արդյունավետ իշխանություն ենք, որովհետև մենք մեր երկիրը դուրս ենք բերել թակարդից, այն թակարդից, որից մենք մտել ենք Ղարաբաղի շարժումով, և որի մեջ պատերազմի եռագլուխ կուսակցությունները և նրանց սատելիտները մեզ անընդհատ մտցրել են ու պահել են փակուղում: Ու ամեն ինչը բացարձակապես բացատրել են դրանով:
Եվ մենք մեր երկիրը դուրս ենք բերել փակուղուց, սրա համար խիզախություն է պետք, և մենք այդ խիզախությունը ցուցաբերել ենք»,- ասաց նա, ապա եզրակացրեց՝ պատերազմի պատճառը եղել է Ղարաբաղի շարժումը, Ղարաբաղը չկա, պատերազմն էլ չկա: