Եթե հանկարծ պատերազմի եռագլուխ կուսակցությունը Հայաստանում զավթի իշխանությունը, տեղի է ունենալու այն, ինչ նրանք արդեն մեկ անգամ արել են Ղարաբաղում: Ազգային ժողովի՝ ապրիլի 17-ի նիստին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
Կոնջորյանը ընդգծեց, որ հունիսի 7-ին ՀՀ ժողովուրդը գնալու է ու տեր է կանգնելու խաղաղությանը, պետությանը. «Ժողովուրդն իր ընտրությամբ չի թողնելու, որ դուք մատաղ անեք այս պետությունը, ոնց որ մատաղ արեցինք սրանից առաջ, գիտեք, ինչը»:
Դիմելով ընդդիմադիրներին՝ Կոնջորյանը հայտարարեց. «Դուք մահվան վաճառականներ եք, դուք մահվան վաճառականներ եք Հայաստանի քաղաքական դաշտում... Հայաստանում պտտվում է գերանդիով մահը, և այդ գերանդիով մահը ուզում է հնձել-կտրել ՀՀ-ն, հնձել-կտրել Հայաստանի ինքնիշխանությունը, հնձել-կտրել մարդկանց կյանքը, ու որ գերանդիով մահվան վեղարը քաշես, դուրս կգան եռագլուխ կուսակցության գլուխները՝ Ռոբերտ Քոչարյան, Սամվել Կարապետյան, Գագիկ Ծառուկյան:
Եվ այդ գերանդիով մահվան կուսակցությունն այսօր եկել, խոսում է պետությունից, մարդկանց կյանքից, խոսում է առողջապահությունից, խոսում է տարբեր վեհ արժեքներից, բարոյական կոդեքսից են խոսում»:
Անդրադառնալով հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին՝ Հայկ Կոնջորյանը հայտարարեց. «ՀՀ ժողովուրդն ունի իր «Ավետյաց երկիրը», իր պետությունը. դա պահելու և պաշտպանելու, և այդ պահպանության կարևոր առհավատչյան լինելու է հունիսի 7-ի ընտրությունները»: