Այս պահին ունենք մեկ առաջադրում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Մինչև Ազգային ժողով գալն այլ առաջադրում չունենք: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը:
Նրա խոսքով՝ Ընտրական օրենսգրքում հստակ գրված է, թե որ դեպքերում է մերժվում, օրինակ՝ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի գրանցումը, ինչ չափանիշների պետք է բավարարի կուսակցությունը կամ դաշինքը գրանցվելու համար:
Լրագրողները հետաքրքրվում էին, թե հնարավոր է արդյոք, որ ԿԸՀ-ն մերժի գրանցել «Ուժեղ Հայաստան» դաշինքը: ԿԸՀ նախագահի խոսքով՝ նրանք խոսում են մի երևույթի մասին, որը կապ չունի Ընտրական օրենսգրքի հետ, և դա իր տիրույթը չէ:
Ճշտող հարցին՝ ինչպես կարող է չեղյալ հայտարարվել կուսակցության գրանցումը, պատասխանեց, որ երբ կուսակցությունը պատշաճ կերպով ներկայացրել է փաստաթղթերը, գրանցվել է ու դրանից հետո կուսակցությունն Ընտրական օրենսգրքով սահմանված խախտումներ է թույլ տալիս, օրինակ՝ պարզվում է, որ փաստաթղթերը կեղծված են:
Հարցին՝ արդյոք կաշառքը կարող է նման պատճառ լինել, Հովակիմյանը պատասխանեց՝ յուրաքանչյուր դեպքը պետք է քննվի փաստերով՝ Ընտրական օրենսգրքի համակարգված խախտումներ, կեղծարարության նախապատրաստման և նման գործիքակազմեր:
Հովակիմյանը պարզաբանեց՝ քաղաքական ուժի կողմից համակարգված խախտումների մասին դեպք ունենալու ժամանակ ԿԸՀ-ն կարող է դիմել դատարան՝ կուսակցության գրանցումը ուժը կորցրած ճանաչելու մասին պահանջով:
«Բայց կրկնում եմ՝ դա պետք է լինի ծանրակշիռ փաստերի պարագայում: Այս դեպքում վարչական դատարանը գործը քննում է արագ, 5-հոգանոց կոլեգիալ կազմով, և վճիռը կայացնելուց հետո այն անմիջապես ուժի մեջ է մտնում»,- ասաց նա՝ ընդգծելով՝ ԿԸՀ-ն փաստերի հիման վրա է գործելու: