Ուրախ եմ, որ հենց առաջնային օղակում, երբ դիտարկում եմ մարտ ամսվա աշխատավարձի ցուցանիշները, ակնհայտ տարբերություններ կան: Ունենք բուժաշխատողներ, որոնք կրկնակի աշխատավարձ են ստացել, ունենք որոշ նեղ մասնագետներ, որոնք եռակի և ավելի աշխատավարձ են ստացել:
Այդ մասին Ազգային ժողովի՝ ապրիլի 16-ի նիստին ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման արդյունքում աշխատավարձային ֆոնդի փոփոխությանը:
«Ապահովագրական համակարգի ներդրման արդյունքում, այո՛, ճիշտ է, փոխվել է վարձատրության սկզբունքը, այսինքն՝ մարդը վարձատրվում է ըստ ծանրաբեռնվածության և սպասարկած բուժառուների:
Բայց մեր բուժաշխատողներն արդեն իսկ հարմարվեցին այս նոր համակարգին, և մենք ունենք իսկապես լավ ցուցանիշներ: Իհարկե, շարունակաբար բարելավվելու են այս ցուցանիշները»,- ասաց նախարարը: