Վերջին տարիներին ներդրել ենք քաղցկեղի կանխարգելման ամենակարևոր սքրինինգային ծրագրերը: Առաջինը կանանց համար կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելումն է, որը Հայաստանում առաջին տեղում է մահացության մասով: Այդ մասին Ազգային ժողովի՝ ապրիլի 16-ի նիստին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նախարարի խոսքով՝ այդ մամոգրաֆիկ հետազոտության ու դեղորայքային ու հետագա բուժօգնության կազմակերպման արդյունքում ունենք 3-րդ, 4-րդ փուլի քաղցկեղների թվաքանակի շեշտակի նվազում:
«Այսինքն՝ ավելի շատ հայտնաբերում ենք 1-ին, 2-րդ փուլում, բուժում ենք, կառավարում ենք և ունենում ենք երկար ապրելիության ցուցանիշներ»,- հայտնեց նախարարը՝ տեղեկացնելով, որ այս ծրագիրը շարունակում է մնալ պետպատվերի շրջանակում, ովքեր դեռ չեն ապահովագրվել, և ապահովագրության շրջանակներում միանշանակ այն ներառված է:
«Դրա համար ևս մեկ անգամ մեր սիրելի քաղաքացիներին կոչ եմ անում՝ ժամանակին գնալ հետազոտվել և կանխարգելել շատ վտանգավոր հիվանդություններ»,- հորդորեց Ավանեսյանը:
Նախարարը տեղեկացրեց, որ հաջորդը կոլոռեկտալ քաղցկեղի սքրինինգային ծրագիրն է, որը ներդրվել ու լայն թափով ընթանում է:
«Ներդրել ենք նոր թեստային համակարգեր, որոնք շատ հեշտ են օգտագործման համար, հաջորդիվ ամբողջ բուժական ցիկլը ևս ապահովում ենք»,- հայտնեց առողջապահության նախարարը՝ տեղեկացնելով, որ մյուսը կանանց համար պապիլոմավիրուսի կանխարգելումն է:
Նախարարը տեղեկացրեց՝ ապահովագրության մեջ բավական մեծ է կանխարգելիչ փաթեթը, և ժամանակի ընթացքում ունենալու ենք տարեկան պարտադիր հետազոտություններ:
«Մենք հասնելու ենք նրան, որ կանխարգելումը դառնա վարքագիծ»,- խոսքը եզրափակեց Ավանեսյանը: