Մենք արդեն էլեկտրոնային համակարգով բոլոր փաստաթղթերը ներբեռնել էինք համակարգ, էսօր կարգի համաձայն արդեն թղթային տարբերակները ներկայացրեցինք Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:
«Մենք սա շատ վաղուց ենք սկսել՝ դեռևս անցած տարվա վերջից՝ ցուցակի ձևավորումը, և արել ենք դա ժողովրդավարական համակարգերին բնորոշ բոլոր հնարավոր գործիքներով։ Առաջին փուլում մոտ 300 թեկնածուներ քվեարկվել են՝ առաջին 50-ը որոշելու համար, այնուհետև երկրորդ փուլով 50-ի մեջ եղել է քարոզարշավ և ընտրապայքար ներկուսակցական ֆորմատով, և ձևավորվել է լավագույն 50-ը։ Այդ տրամաբանությամբ նաև բաշխվել են տեղերը, և ներկայացվել են ցուցակները»,- ասաց նա՝ նշելով, որ լրատվամիջոցների, հանրության համար ցուցակներն ամբողջությամբ հրապարակված են:
Խոսելով ընտրություններից ակնկալիքների մասին՝ Արայիկ Հարությունյանն ասաց. «Սովորաբար քաղաքական ուժերը խնդիրներ են դնում իրենց առաջ և փորձում են լուծել էդ խնդիրները։ Ես վստահ եմ, որ մենք խնդիրը կլուծենք, որովհետև վերջին մեր շփումները հանրության հետ, ընդհանուր տենդենցներն ու պրոցեսները ցույց են տալիս, որ մենք ունենք նման հնարավորություն»։
Անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ՝ մանկահասակ երեխայի մորը ձերբակալելու հարցին՝ նա նշեց.
«Հարգելի գործընկերներ, մեզ մոտ աշխատում են ինստիտուտներ, և երբ մարդը հանցանք է գործում՝ լինի երիտասարդ կին, ծեր տղամարդ, լինի պաշտոնյա, համակարգը արձագանքում է ըստ սահմանված օրենքների, տվյալ դեպքում՝ Քրեական օրենսգրքի: Ինքը չի նայում, որ ընտրակաշառք տվողը ծեր մարդ է կամ մանկահասակ երեխա ունեցող է։ Ես կարծում եմ՝ Հակակոռուպցիոն կոմիտեն միջնորդություններ ներկայացնելիս առաջնորդվել է հումանիստական նկատառումներով»։
Լրագրողներից մեկը նշեց, որ երբ Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն տարածեց Գոհար Ղումաշյանի՝ բարեգործության արգելքը խախտելու վերաբերյալ, արձագանք է հնչել, որ իշխող ուժը ընտրություններից մի քանի ամիս առաջ թոշակներ է բարձրացրել 10000 դրամով, ինչը ևս դիտարկվում է որպես նախընտրական քայլ։
«Պետությունը իր լիազորությունների շրջանակում գործում է։ Կարող էին ասել՝ ընտրություններին ընդառաջ մի արեք, երկու տարի առաջ էլ կարող էին ասել: Մենք նախորդ կառավարության ծրագրով ունեինք որոշակի պարտավորություններ կենսամակարդակի հետ կապված, և այդ քայլով մեր կառավարության ծրագրի շրջանակներում ենք գործել»,- ասաց նա։
Լրագրողը հիշեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ ԲՀԿ-ն և «Ուժեղ Հայաստանը» չեն հաղթահարելու անցողիկ շեմը: Հետաքրքրվեց՝ արդյո՞ք եզրահանգմանը եկել են ներկուսակցական քարոզարշավի ժամանակ: Ի պատասխան Արայիկ Հարությունյանն ասաց.
«Եթե հիմա լիներ 17 թիվը, և դուք տեսած լինեիք բազմաթիվ կեղծված ընտրություններ, կարող էիք նման հարց տալ։ Բայց երբ որ անցել է 8 տարի, և դուք գեթ մեկ կեղծված ընտրություն չեք տեսել, կարծում եմ այդպիսի հարցեր պետք չի տալ։
Ո՞ր օրենքն ենք խախտել էն պրոցեսում, որ հիմա տեղի է ունենում: Ընտրական օրենսգիրքը սահմանում է կանոններ ընտրություններից մեկ ամիս առաջ սկսվող պաշտոնական ընտրարշավին: Ընտրության հաջորդ օրվանից սկսած յուրաքանչյուր կուսակցություն և քաղաքական գործիչ կարող է ընտրարշավի տրամաբանության մեջ իրականացնել գործունեություն: Ես կարծում եմ, որ դուք առնվազն ազնիվ չեք էն պնդման մեջ, որ քաղաքական դաշտում էսօր կա ևս մի քաղաքական ուժ, իհարկե «խալաստոյ» փամփուշտներով կրակող, որը «Քաղաքացիական պայմանագրից» շատ ավելի շատ գործիքներ է կիրառում, նաև ռեսուրսներ՝ նաև մարդկային, նաև ֆինանսական, բայց դուք դրա մասին չեք խոսում»: