Հայաստան-Ադրբեջան սահմանի՝ 12 կիլոմետրանոց հատվածի սահմանազատումն էլ է շատ կարևոր գործոն Հայաստան-Ադրբեջան թշնամանքի հաղթահարման առումով: Իմ համոզմամբ՝ դրանով մեկնարկ է տրվել այդ թշնամանքի հաղթահարմանը: Այդ մասին Ազգային ժողովի՝ ապրիլի 15-ի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին տարեկան զեկույցը ներկայացնելիս:
«Այն, որ Կիրանցի դպրոցն Ադրբեջանի հետ սահմանից 50 մետր հեռավորության վրա է գտնվում, այլևս սարսափելի չի հնչում Կիրանցի դպրոցի աշակերտների համար: Սա իմ ասածի ամենավառ վկայությունն է: Այսօր Կիրանցի դպրոցի աշակերտներն Ադրբեջանից 50 մետր հեռավորության վրա դասի են գնում, 30 մետր հեռավորության վրա ֆուտբոլ են խաղում. սա խաղաղություն է, խաղաղությունը սա է:
Խաղաղությունը նաև այն է, որ արդեն ավելի քան 2 տարի Հայաստան-Ադրբեջան փոխհրաձգության հետևանքով ո՛չ զոհ ունենք, ո՛չ վիրավոր: ՀՀ սահմանամերձ գյուղերում կրակոցի ձայներ չեն լսվում:
Ոչ միայն կրակոցի ձայներ չեն լսվում, այլև ՀՀ սահմանամերձ գյուղերում ավելի քան 3600 նոր առանձնատներ են կառուցվում Կառավարության նախաձեռնած տնաշինական ծրագրով, որ հանրության շրջանում հայտնի է որպես 16 միլիոնի ծրագիր, ավելի քան 3600 նոր տուն սահմանամերձ այնպիսի բնակավայրերում, որոնց ճնշող մեծամասնությունում անկախությունից ի վեր գործնականում ոչ մի տուն չէր կառուցվել: Հասկանո՞ւմ եք՝ 3600 տուն: Դրանց զգալի մասը այնպիսի բնակավայրերում է, որտեղ ավելի քան 33 տարվա պետության գոյության ընթացքում ոչ մի տուն չի կառուցվել»,- ասաց նա՝ հավելելով, որ սահմանամերձ բնակավայրերում նաև դպրոցների ու մանկապարտեզների շինարարության նախագծեր են իրականացվում: