Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել է ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանի գործով դատավարությունը: Նիստի տեսանկարահանումն արգելվել է: Գործարարի պաշտպաններից Արամ Վարդևանյանը իրենց առարկությունը պատճառաբանել է նրանով, որ նախընտրական շրջան է, և դա կարող է ավելորդ շահարկումների առիթ ստեղծել:
Նիստի ընթացքում դատախազ Արգամ Դալլաքյանը միջնորդել է Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգել ևս 3 ամսով, նշել՝ կան անձինք, որոնց վրա Կարապետյանը կարող է ազդեցություն ունենալ։ Պաշտպաններից Արամ Վարդևանյանն էլ հայտարարել է, որ դեռ երեկ իրենք միջնորդություն են ներկայացրել, որ փոխվի Սամվել Կարապետյանի խափանման միջոցը։
Նրա խոսքով՝ Կարապետյանի ղեկավարած քաղաքական ուժը մասնակցում է ընտրություններին, իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ընտրական ցուցակների ներկայացման վերջնաժամկետը ապրիլի 23-ն է: Վարդևանյանի խոսքով՝ Կարապետյանն ունի կուսակցության քաղաքական խորհրդի հետ հաղորդակցվելու հնարավորություն, բայց դա չի կարող փոխարինել անմիջականորեն տեղում գործընթացը կազմակերպելուն: Դատարանը որոշել է այս հարցը քննարկել առաջնահերթության կարգով։