Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Հիմնական զեկուցող, ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի խոսքով՝ նախագիծը ոստիկանության ոլորտի բարեփոխումների հերթական փուլի կարևորագույն փոփոխություններից է, քանի որ, ըստ նախարարի, իրենք անընդհատ խոսել են այն մասին, որ ոստիկանությունում կատարողականի գնահատման համակարգ պետք է ունենան և առաջխաղացումները և նաև պատասխանատվության միջոցների կիրառումը պետք է լինի արժանիքահեն ու փաստահեն տրամաբանության մեջ:
«Նախաձեռնությամբ առաջարկվում է ներդնել կատարողականի գնահատման նոր համակարգ, որը ընդհանուր գնահատական կձևավորի յուրաքանչյուր տարվա կտրվածքով, և այն կլինի չափելի՝ ըստ էության, և մենք կկարողանանք թե՛ անհատական մակարդակում, թե՛ նաև կառուցվածքային ստորաբաժանման մակարդակում գնահատել ծառայության կողմից իրականացված աշխատանքը և տալ նաև համապատասխան գնահատականներ»,- տեղեկացրեց ՆԳ նախարարը:
Սարգսյանը տեղեկացրեց՝ ընդհանուր գնահատականը կազմված է լինելու ծառայողին վերապահված գործառույթների իրականացման արդյունավետության գնահատականից, կատարողականի, այսինքն՝ ընթացիկ գնահատականների միջին թվաբանականն է, և ֆիզիկական ու մարտական պատրաստականության արդյունքում ստուգարքների ընդհանուր գնահատականից:
«Ըստ էության, մեր խնդիրն այն է, որ մենք ոչ թե պիտի գնահատենք և չափենք ծառայողի ակտիվությունը՝ որպես այդպիսին, իր գործառույթները իրականացնելիս, այլ գործառույթների իրականացման արդյունավետությունը: Սա նշանակում է հստակ և չափելի հիմնական ցուցանիշներով հասկանալ և գնահատել ծառայության և ծառայողների կոնկրետ կատարողականը»,- նշեց Արփինե Սարգսյանը՝ կարևորելով այն հանգամանքը, որ իրենք որոշել են ներդաշնակ կապ գեներացնել ատեստավորման համակարգի և կատարողականի գնահատման համակարգերի միջև:
Նրա խոսքով՝ կան մի շարք ծառայողներ, որոնք երեք տարվա կտրվածքով կարող են շատ լավ արդյունքներ գրանցել, բայց տարբեր պատճառներից ելնելով ատեստավորման բուն քննությունները չհանձնեն ոչ պատշաճ, և հակառակ օրինակը ևս կա:
«Այս մոտեցումը մեզ պիտի թույլ տա ներդաշնակեցնել ընդհանուր աշխատանքը և դուրս բերել առավել օբյեկտիվ պատկերը: Մենք նախատեսում ենք, որ դրական արդյունք ունեցող ծառայողը ինքնաբերաբար պիտի հավակնի առաջխաղացման, եթե առաջխաղացման հնարավորություն կա, կամ խրախուսանքի, իսկ բացասական արդյունքների դեպքում ոստիկանության ծառայողի առաջխաղացումն ըստ էության սահմանափակվում է»,- նշեց նա:
Մեկ այլ փոփոխությամբ առաջարկվում է վերապատրաստման պահանջը տարածել նաև ոստիկանության կրտսեր և բարձրագույն խմբի պաշտոնները զբաղեցնող ծառայողների նկատմամբ, և, այս համատեքստում հաշվի առնելով ոստիկանապետի պաշտոնի առանձնահատկությունը, նախատեսվում է հնարավորություն՝ վերապատրաստման տեսանկյունից:
«Ներդաշնակեցնում ենք ոստիկանության ծառայողների և փրկարար ծառայողների ատեստավորման մեխանիզմը»,- տեղեկացրեց Սարգսյանը: